պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հավելված
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն աշխատակարգին (այսուհետ՝ Աշխատակարգ) համապատասխան: 2. Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ: 3. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝ 1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները. 2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն. 3) կարող է հարցումներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց. 4) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ. 5) կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր: 4. Հանձնաժողովը գործում է նիստերի, քննարկումների, խորհրդակցությունների, աշխատանքային այցերի, ինչպես նաեւ Կանոնակարգով եւ Ազգային ժողովի աշխատակարգով նախատեսված այլ միջոցներով: 5. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: 6. Հանձնաժողովի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով՝ Կանոնակարգով, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերի: 7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները Հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներկա լինել Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ եւ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել իրենց համար առանձնացված տեղում: 8. Հանձնաժողովի նիստի, լսումների, քննարկումների եւ խորհրդակցությունների ժամանակ դահլիճում արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը: II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 9. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝ ժամը 12-ին: 10. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդագրությամբ: 11. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝ 1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին. 2) համապատասխանում է, ապա Հանձնաժողովի նախագահը, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ: 12. Հանձնաժողովի հրապարակային նիստում, Հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաեւ Կանոնակարգով սահմանված այլ անձինք: 13. Հանձնաժողովի փակ նիստում, Հանձնաժողովի անդամներից եւ հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք: 14. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, եւ նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի կողմից որոշված անդամը: 15. Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամներին գրանցում է Հանձնաժողովի քարտուղարությունը: 16. Հանձնաժողովի նիստի սկզբում, իրավազորության ապահովման դեպքում, նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Եթե գրանցված Հանձնաժողովի անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով Հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝ 1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին. 2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած: 17. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: 18. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը: 19. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները: 20. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների ամփոփաթերթը՝ համաձայն հավելվածի, կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը: 21. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հանձնաժողովի նիստը նախագահելու համար: 22. Հանձնաժողովի հերթական նիստում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները: 23. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝ 1) հիմնական զեկուցում. 2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները. 3) հարակից զեկուցումներ. 4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները. 5) մտքերի փոխանակություն. 6) քվեարկություն: 24. Հիմնական զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը, իսկ հարակից զեկուցմամբ՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: 25. Հանձնաժողովի ներկայացուցչին՝ Հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հանձնաժողովի նախագահը: 26. Հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն պատգամավորները, բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ: 27. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցողին մեկ անգամ հարցեր տալու իրավունք ունի նաեւ Կառավարության ներկայացուցիչը. 2) Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած անձանց ելույթից հետո մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն միայն Հանձնաժողովի անդամները եւ հիմնական զեկուցողը: 28. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով. 1)պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ Կառավարության ներկայացուցչի, Հանձնաժողովի անդամների, այլ պատգամավորների, ինչպես նաեւ հրավիրված անձանց ելույթներ. 2) Աշխատակարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ հարցեր ելույթ ունեցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ ելույթ ունեցողի արձագանքները. 3) եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից եւ հիմնական զեկուցողները: 29. Հանձնաժողովի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն միայն Հանձնաժողովի անդամները, բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերի: 30. Ելույթի ընթացքում նախագծի վերաբերյալ բանավոր առաջարկ ներկայացրած անձը գրավոր ձեւակերպում է իր առաջարկը եւ մինչեւ առաջարկների քվեարկությունը հանձնում է նիստը նախագահողին: Այդ դեպքում բանավոր առաջարկը սահմանված կարգով դրվում է քվեարկության: 31. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն, Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան, քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով: 32. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հանձնաժողովի նիստը նախագահողին։ Հարցերը տրվում են, ինչպես նաեւ ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: 33. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տաս րոպե. 2) հարցերի համար հատկացվում է մինչեւ երկու րոպե. 3) հարցերին պատասխանելու համար հատկացվում է մինչեւ երեք րոպե. 4) արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկու րոպե. 5) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգ րոպե. 6) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հատկացվում է մինչեւ երկու րոպե: 34. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Հանձնաժողովի նախագահը եւ նիստը նախագահողը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում: 35. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր: 36. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը։ Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է: 37. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: 38. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում լրամշակված օրենքի նախագիծը կարող է ներկայացվել Ազգային ժողով եւ Կանոնակարգով սահմանված կարգով ընգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգի նախագծում՝ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ: 39. Հանձնաժողովի նիստն արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Արձանագրության քաղվածքը ստորագրում է նիստը նախագահողը: 40. Հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումն սկսվելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը կամ չեն կարող կրճատվել Աշխատակարգի 33-րդ կետով սահմանված ժամկետները: III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ 41. Հանձնաժողովի գործունեության ոլորտներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ անցկացվում են՝ 1) Հանձնաժողովում նախնական քննարկում. 2) Հանձնաժողովի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստերում նախնական քննարկում. 3) նախնական քննարկման ամփոփում: 42. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը տեղի է ունենում Հանձնաժողովի հրապարակային եւ փակ նիստերում՝ Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված կարգով: 43. Հանձնաժողովում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը եւ դրա ամփոփմանը, Հանձնաժողովի անդամներից բացի, կարող են մասնակցել նաեւ Կառավարության ներկայացուցիչները, Կանոնակարգում նշված, Հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք: 44. Համատեղ նիստերում քննարկմանը կարող են մասնակցել՝ 1) հրապարակային նիստերին՝ պատգամավորները, Կառավարության անդամները եւ վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաեւ Ազգային ժողովի խորհրդի հաստատած ժամկետացանկում նշված այլ անձինք: 2) պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերի դեպքում՝ փակ նիստերին՝ պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Կառավարության լիազորած անձինք: 45. Հանձնաժողովում նախագծի նախնական քննարկման արդյունքներով Հանձնաժողովը Ազգային ժողովին կարող է ներկայացնել եզրակացություն: 46. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին Հանձնաժողովը Ազգային ժողովի նիստում Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացնում է եզրակացություն: 47. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Հանձնաժողովի եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացնում է Հանձնաժողովի ներկայացուցիչը: 48. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո հայտ ներկայացնելու դեպքում ելույթի իրավունք ունի Հանձնաժողովի ներկայացուցիչը: IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 49. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակում ՝ 1) խորհրդարանական վերահսկողություն է իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ. 2) կարող է տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: 50. Խորհրդարանական վերահսկողության թեման, ինչպես նաեւ դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումները սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ: 51. Խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ Հանձաժողովը կարող է իր որոշմամբ Հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ Հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հարցերին: 52. Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները Հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ Հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում: 53. Խորհրդարանական վերահսկողության արդյունքով Հանձնաժողովը կարող է ընդունել գրավոր եզրակացություն եւ Ազգային ժողովի աշխատակարգով սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նաեւ իրավասու մարմիններ եւ պաշտոնատար անձանց: V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 54. Հանձնաժողովի գործունեության ոլորտներում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացվում են՝ 1) Հանձնաժողովում նախնական քննարկում. 2) Հանձնաժողովի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստերում նախնական քննարկում. 3) նախնական քննարկման ամփոփում: 55. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումը տեղի է ունենում Հանձնաժողովի հրապարակային եւ փակ նիստերում՝ Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված կարգով: 56. Հանձնաժողովում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ նախնական քննարկմանը եւ դրա ամփոփմանը, Հանձնաժողովի անդամներից բացի, կարող են մասնակցել նաեւ Կառավարության ներկայացուցիչները, Կանոնակարգում նշված, Հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք: 57. Համատեղ նիստերում քննարկմանը կարող են մասնակցել՝ 1) հրապարակային նիստերին՝ պատգամավորները, Կառավարության անդամները եւ վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաեւ Ազգային ժողովի խորհրդի հաստատած ժամկետացանկում նշված այլ անձինք: 2) պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերի դեպքում՝ փակ նիստերին՝ պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Կառավարության լիազորած անձինք: 58. Հանձնաժողովում հաշվետվության նախնական քննարկման արդյունքներով Հանձնաժողովը Ազգային ժողովին կարող է ներկայացնել եզրակացություն: 59. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին Հանձնաժողովը Ազգային ժողովի նիստում Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացնում է եզրակացություն: 60. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Հանձնաժողովի եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացնում է Հանձնաժողովի ներկայացուցիչը: VI. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑՈՒՄՆԵՐՈՎ ԴԻՄԵԼԸ 61. Հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ: 62. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձինք Հանձնաժողովի հարցումը քննարկում եւ նրան գրավոր պատասխանում են երեքշաբաթյա ժամկետում: VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ 63. Հանձնաժողովին վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով Հանձնաժողովը կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ: 64. Լսումները հրավիրվում են Հանձնաժողովի որոշմամբ: 65. Լսումներ հրավիրելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը: 66. Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցումների, հարցեր տալու, ելույթ ունենալու կարգը եւ ժամկետները: 67. Լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է Ազգային ժողովի աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: 68. Լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, լսումների անցկացման օրից ոչ ուշ, քան երկու օր առաջ կարող են մասնակցության հայտ ներկայացնել Հանձնաժողովի նախագահին: Դիմողը կարող է մասնակցել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահը համապատասխան հայտ ներկայացրած անձին հրավիրում է Հանձնաժողովի լսումներին, որի մասին նրանց նախապես տեղեկացվում է: 69. Հանձնաժողովը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր: 70. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ եւ Ազգային ժողովի աշխատակարգով սահմանված կարգով տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: 71. Լսումների ընթացքի սղագրումն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը, որը երկօրյա ժամկետում տրամադրվում է Հանձնաժողովին: VIII. ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ 72. Հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման եւ դրա արդյունքները Հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ Հանձնաժողովի կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր: 73. Ենթահանձնաժողով ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում սահմանվում են ենթահանձնաժողովի եւ (կամ) աշխատանքային խմբի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը: 74. Ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարն նշանակվում է Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: 75. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել Ազգային ժողովի պատգամավորը, ինչպես նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների, խմբակցությունների փորձագետները (մասնագետները), պատգամավորի օգնականները, այլ մասնագետներ, գիտական եւ հասարակական գործիչներ: 76. Աշխատանքային խմբի կազմում Ազգային ժողովի պատգամավոր չհանդիսացող այլ անձնանց ընդգրկելու մասին առաջարկություն Հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել միայն Հանձնաժողովի անդամը: 77. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում: 78. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել Հանձնաժողովի որոշմամբ: IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ 79. Հանձնաժողովն իր գործունեության ոլորտներում կարող է իրականացնել աշխատանքային այցեր: 80. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի աշխատանքային այցի կազմակերպման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օր առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի աշխատանքային այցերի մասին Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդագրությամբ: 81. Այցի ծրագրի նախագիծը Հանձնաժողովի անդամներին է ներկայացվում այցից առնվազն հինգ օր առաջ: 82. Հանձնաժողովի անդամներից բացի, աշխատանքային այցին այլ անձանց մասնակցությունը համաձայնեցվում է Հանձնաժողովի նախագահի հետ: 83. Աշխատանքային այցի արդյուքներով Հանձնաժողովը կարող է նախապատրաստել գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ այցի արդյունքներն ամփոփող այլ նյութեր: X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 84. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կարող է իրականացնել միջազգային համագործակցություն այլ պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ: 85. Հանձնաժողովը միջազգային համագործակցությունն իրականացնում է փոխայցելությունների, համատեղ նիստերի, քննարկումների, փոխգործակցության այլ միջոցներով: 86. Միջազգային համագործակցության նպատակով Հանձնաժողովը կարող է ստորագրել հուշագրեր, արձանագրություններ եւ գործողությունների ծրագրեր: XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 87. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական սպասարկումն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարությունը: 88. Հանձնաժողովի քարտուղարությունը գործում է Աշխատակարգով եւ Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հավելված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ |