Միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր
03.02.2006 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 3 փետրվարի 2006թ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ: ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ 29-30 .03.20005թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ հակամարտության կարգավորումը Հայաստանի եւ Ղարաբաղի, ինչպես նաեւ ամբողջ հայության անվտանգության պահանջներին եւ շահերին լիովին համահունչ իրականացնելու համար անհրաժեշտ է պահպանել հայեցակարգված մոտեցում: Այդ մոտեցման հիմնատարրերը պետք է հստակ ներկայացնեն հայեցակարգի հենքը հանդիսացող սկզբունքը, նրա նպատակը մատնանշող արդյունքը եւ այդ սկզբունքին ու նպատակին համապատասխան մարտավարությունը:
Ա . Սկզբունքը
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ հակամարտության կարգավորման հիմքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրնքնորոշման իրավունքի, որպես սկզբունքի անվերապահ եւ առանց սահմանափակումների կիրառումը: Ինքնորոշման իրավունքի այդպիսի կիրառելիությունը ամրապնդվում եւ ապահովվում է հետեւյալ փաստարկներով.
Ինքնորոշման իրավունքի կիրառելիության սկզբունքը այլընտրանք չունի, ինչը հիմնավորում է ստանում Լեռնային Ղարաբաղի ընդգրկումով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառելիության անհնարինությունը փաստող հետեւյալ գործոններով` ա/ Տարածքային ամբողջականության սկզբուբքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբեւէ չի պատկանել անկախ Ադրբեջանական պետությանը. բ/ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը չի տնօրինում, բացառապես ԽՍՀՄ-ի ձեւավորմամբ եւ գոյությամբ պայմանավորված, նախկին Ադրբեջանական ԽՍՀ իրավունքներին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նախ եւ առաջ, քանի որ գործող օրենսդրության իրավակիրառման ժամանակահատվածում Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ստեղծվեցին երկու անկախ իրավահավասար պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը եւ օրինապատշաճ ձեւով դադարեցվեցին ԼՂՀ ժողովրդի, տարածքի եւ իշխանությունների վարչաքաղաքական ենթակայության հարաբերությունները հետագայում լուծարված թե` Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ թե` ԽՍՀՄ-ի հետ: Երկրորդ, Ինքը` Ադրբեջանը նախ իր անկախության վերականգնման մասին հռչակագրով, ապա պետական անկախության մասին սահմանադրական ակտով հռչակեց իր պետականությունը 1918 թվականի սահմաններում` այդպիսով չեղյալ համարելով ԽՍՀՄ օրոք Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին: գ/ Ադրբեջանը չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր ենթակայության տակ պահելու իրավունքը` մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման , ազգամիջյան համերաշխության ապահովման, ժողովրդավարական ղեկավարման սկզբունքներով արդյունավետ կառավարում իրականացնելու անկարողության պատճառով: Մասնավորապես. տասնյակ տարիներ էթնիկ զտումների քաղաքականության միջոցով լիովին հայաթափվել է բազմահազար հայերով բնակեցված Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը: Խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում փոքրացվել եւ կրճատվել են Լեռնային Ղարաբաղ Ինքնավար մարզի սկզբնական տարածքները: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքակիրթ եւ օրինական պահանջներին ի պատասխան կազմակերպվել է սումգայիթյան ոճրագործությունը եւ մյուս ջարդերը Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, լուծարվել է ինքնավար կազմավորումը եւ սանձնազերզվել է լայնամասշտաբ պատերազմ Ղարաբաղի ժողովրդի դեմ:
Բ. Նպատակը
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ հակամարտության կարգավորման արդյունքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացումը: Դա կարող է տեղի ունենալ երկու մակարդակով` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում միջազգային հանրության կողմից կամ ազատ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հաշտության ամբողջական պայմանագրի կնքում, որը պետք է ներառի հստակ լուծումներ ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի, անվտանգության անհրաժեշտ եւ բավարար երաշխիքների, փախստականների եւ տարածքների հարցերի վերաբերյալ եւ ամրագրի Հայաստանի, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորի կարգավիճակը: Սակայն այս մոտեցումը որեւէ կերպ չի կարող հանգեցնել ինքնավարության բարձրագույն աստիճանի սահմանմանը Ադրբեջանի կազմում, քանի որ դրա հիմքում ընկած է ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման սկզբունքը մետրոպոլիայի տարածքում: Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար մետրոպոլիա երբեք չի հանդիսացել, հետեւաբար Ղարաբաղի հայերը սեփական տարածքում չեն կարող «փոքրամասնություն» համարվել:
Գ. Մարտավարությունը
Հիմնախնդրի լուծման եւ հակամարտության կարգավորման մարտավարությունը պետք է, մի կողմից հենվելով սահմանված սկզբունքների վրա հիմնավորի դրանք, մյուս կողմից անխախտ պահելով մատնանշված նպատակը, ապահովի դրա իրականացումը: Հակամարտության ծավալման ցանկացած փուլում հայկական կողմի մարտավարությունը պետք է իրականանա միջազգային իրավունքի նորմերի եւ ընդունված կանոնների հարգումով եւ ապահովի համարժեք հակազդեցություն ադրբեջանական կողմի հակադիր մարտավարությանը: Մարտավարության մեջ, որպես առաջնորդող գաղափար պետք է հանդիսանա ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հստակեցված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների ապահովման հարցերի լուծման առաջնայինությունը: Կարգավիճակի հարցը եղել եւ մնում է հակամարտության գլխավոր հարցը` բուն առարկան: Կարգավիճակը պետք է առավելագույնս ճշգրիտ եւ լիարժեք արտահայտի հիմնախնդրի պատմական, իրավական եւ քաղաքական իրողությունները եւ հաշվի առնի նաեւ հակամարտող կողմերի միջեւ առկա հարաբերությունների բնույթն ու որակը: Հետեւաբար, խաղաղության գործընթացի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է հենց այս հարցի արդար լուծումից: Անվտանգության երաշխիքների եւ կարգավիճակի հետ կապված խնդիրները փոխպայմանավորված են եւ այդ կապը անմիջական է: Անվտանգության երաշխիքների ընդհանուր հաշվեկշռի մեջ կարեւոր նշանակություն ունեն թե` անվտանգության փաստացի ապահովումը, թե` միջազգային չափանիշներով տրամադրված եւ համապատասխան կարգավիճակի ամրագրումով սահմանված դե յուրե երաշխիքները: Առանց մեկի մյուսը չի կարող լիարժեքորեն ապահովել անհրաժեշտ անվտանգությունը: Այդ երաշխիքների ընդհանուր ծավալը պետք է լիովին համապատասխանի արտաքին վտանգին եւ հանդիսանա նոր պատերազմի վերսկսումը կանխող կարեւորագույն գործոնը: Նվազագույն այդ ծավալն ապահովելու նպատակադրությամբ բանակցային գործընթացում անհրաժեշտ է հետեւողականորեն պաշտպանել հետեւյալ սկզբունքները` գ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի ենթակայության բացառում գ Լեռնային Ղարաբաղի անկլավային վիճակի բացառում եւ Հայաստանի հետ ցամաքային անվտանգ եւ ապահով սահմանի առկայություն գ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորում գ Համաշխարհային առաջադեմ գործընթացներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության համար միջազգային երաշխիքների ապահովում գ Ադրբեջանահայության կրած նյութական եւ բարոյական վնասների, ներառյալ հայրենիքի կորուստի, համարժեք փոխհատուցման ապահովում:
1. Հակամարտության կարգավորման գործընթացը կողմնորոշելու համար անհրաժեշտ փաստարկները:
« Ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով էթնոքաղաքական հակամարտություն է: Այն չի կարող լիարժեք կարգավորում ունենալ առանց կարգավիճակի հարցի լուծման: Այս հանգամանքը հաշվի առնող կարգավորումն ընդունակ է նաեւ հանգեցնելու հիմնախնդրի լուծման, անկախ դրա իրականացման եղանակից: « Հակամարտության կարգավորման ենթակա բաղադրիչները փոխկապակցված են, կազմում են ամբողջական փաթեթ եւ մեկի լուծումը պայմանավորված է մյուսով: Հակամարտության բաղադրիչների շաղկապվածությունը եւ անվտանգության երաշխիքների լիարժեքության ապահովումը պահանջում են փաթեթային համաձայնության ձեռք բերում: « ԼՂՀ անվտանգության գոտին հանդիսացող տարածքների նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումը հետեւանքն է օրինապատշաճ կերպով ստեղծված լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիայի հետ մղման, ապագայում նմանատիպ ագրեսիվ գործողությունների կանխարգելման եւ այդ նպատակով համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի Լեռնային Ղարաբաղի բնակչության կազմակերպած օրինական ինքնապաշտպանության: Սակայն Ադրբեջանը, իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքների համար պատասխանատվությունը մյուս կողմի վրա բարդելու միջոցով, փորձում է տարածքների նկատմամբ պահանջ ներկայացնելու եւ փախստականների խնդրի լուծումը կանխորոշելու բացառիկ իրավունքներ ձեռք բերել: Տարածքների եւ փախստականների խնդիրը անբաժան մասն է կազմում ամբողջական փաթեթի , առնչվում է հակամարտության բոլոր կողմերի շահերի հետ եւ գտնվում է փոխադարձ պահանջների տիրույթում: « Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի չհարգումը անարդարացիորեն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքների եւ ազատությունների չհարգման: Ավելին, մարդկանց իրավունքները չեն գտնվում ներկայումս էլ միջազգային պաշտպանության ներքո եւ շարունակում են ոտնահարվել սոսկ այն պատճառով, որ ապրում են միջազգայնորեն չճանաչված պետությունում: Պետության չճանաչված լինելու հանգամանքը որեւէ կերպ չի կարող արդարացում հանդիսանալ այդ կենսական իրավունքների եւ ազատությունների ոտնահարման համար: « ԼՂՀ միջազգային ճանաչման համար առանցքային նշանակություն ունի երկրի կայուն, առաջընթաց զարգացումը դեպի ժողովրդավարական, իրավական եւ մարդու իրավունքների ու ազատությունների հարգման միջազգային չափանիշների հիման վրա կայացած, ժամանակակից պետություն: « Հակամարտությունները տարբերվում են իրենց բնորոշ առանձնահատկություններով, ուստի հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացնել դրանց տարանջատման միջոցով: Չի կարող գտնվել բոլոր տիպի հակամարտությունների լուծման մեկ ընդհանուր բանալի: Հակամարտությունների նույնացումը արհեստականորեն մեծացնում է քաղաքական, քարոզչական բաղադրիչի նշանակությունը, ստիպում է տվյալ հակամարտության բովանդակությանն ու էությանը ոչ համարժեք լուծում հարմարեցնել, կախյալ է դարձնում կոնկրետ հակամարտության լուծումը մյուս դեռեւս չլուծված հակամարտությունների լուծումից` այդպիսով էլ ավելի բարդացնելով տվյալ հակամարտության կարգավորումը: « Հակամարտության կողմերի միջեւ ընդհանուր շահերի շրջանակի ձեւավորումը եւ ընդլայնումը կարեւորագույն խթան է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Դրան հասնելու լավագույն եղանակը տարածաշրջանային համագործակցության խրախուսումն ու իրականացումն է: Հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային համագործակցության հաստատման գործընթացները պետք է ընթանան միմյանց զուգահեռ: «Ոչ մի տեսակի համագործակցություն նախքան հակամարտության լուծումը» ադրբեջանական բանաձեւը ոչ միայն չի նպաստում կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, այլեւ ըստ էության պահպանում է թշնամանքը եւ պատերազմի վերսկսման վտանգը:
2. Բանակցային գործընթացի արդյունավետությունը խթանող գործոնները:
« Հակամարտության կարգավորումը ունի անվտանգ եւ ընդունելի միայն մեկ ճանապարհ: Դա հիմնախնդրի լուծմանը տանող, խաղաղ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող բանակցությունների արդյունավետ իրականացումն է: Որեւէ այլ ճանապարհ կամ բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի` անորոշ ժամանակով երկարաձգելով հակամարտության կարգավորումը, կամ` դեպի նոր պատերազմ: « Բանակցությունների լիարժեքությունը եւ արդյունավետությունը ապահովելու համար հակամարտության բոլոր կողմերը նախ եւ առաջ պետք է ճանաչեն միմյանց որպես բանակցային կողմեր եւ դրան համապատասխան ապահովվի բոլորի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: « Արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացման անխուսափելի պայման է Լեռնային Ղարաբաղի որպես բանակցային իրավահավասար կողմի լիարժեք մասնակցության ապահովումը: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես կողմ չճանաչելը ըստ էության նշանակում է հրաժարում թե խնդրի լուծումից, թե բանակցային գործընթացի պատրանք ստեղծելով, նաեւ իրական բանակցություներից: Միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անքակտելի եւ բացառիկ իրավունքն է բանակցային գործընթացում իր օրինական ներկայացուցիչների միջոցով համաձայնեցնել հատկապես կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների անհրաժեշտ ծավալը ապահովելու հետ կապված հարցերը: գ Կարեւորագույն խնդիր է բանակցային գործընթացը իրականացնել` ճշգրիտ պահպանելով հակամարտության մեջ յուրաքանչյուր կողմի ունեցած իրական տեղն ու դերակատարությունը: Անհրաժեշտ է հստակ սահմանել, որ. ա/ Լեռնային Ղարաբաղը հակամարտության հիմնական եւ ինքնուրույն կողմ է: բ/ Հայաստանը իր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված տեւական ագրեսիայի պատճառով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշված կողմ է եւ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման երաշխավորը: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, տարբեր միջազգային ատյաններում ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող ամբողջովին փոխարինել նրան: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը եւ այդ իրավունքի լիարժեք իրականացման համար Հայաստանի երաշխավոր հանդիսանալու հանգամանքի ընդունումը իրական հնարավորություններ կընձեռնեն վարելու հակամարտության կարգավորմանը հանգեցնող իսկապես արդյունավետ բանակցություններ:
Նախագահ ` Արմեն Ռուստամյան
|
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Կարգավորման ուղիներ» լսումների
ԾՐԱԳԻՐ