հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
ՀԱՍՅՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ 07 սեպտեմբերի 2012թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 1-ին կետին եւ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ն որոշմանը համապատասխան՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Ազգային ժողովի մարմին է, որը ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։ 2. Հանձնաժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան` նիստերի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի եւ անդամների, ենթահանձնաժողովների, խորհրդարանական լսումների եւ աշխատանքային խմբերի աշխատանքի միջոցով: 3. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն գրական հայերենն է: Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը: 4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ 5. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով՝ 1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը. 2) նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը. 3) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ. 4) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը. 5) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը. 6) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը. 7) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ դրանց քաղվածքները. 8) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք. 9) կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացնել առաջարկություն Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ. 10) կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել փորձաքննության. 11) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին. 12) ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում է Հանձնաժողովին ուղղված դիմումներին եւ առաջարկություններին. 13) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության` գործավարի եւ փորձագետների (մասնագետների) աշխատանքը. 14) կարող է Հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների. 15) իրազեկում է Հանձնաժողովին Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին. 16) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) հետ: 6. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրա լիազորությունները իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը։ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ 7. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է՝ 1) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ նրա փոխարինողի պաշտոններում. 2) ընդգրկվել Հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ ձեւավորած աշխատանքային խմբի կազմում. 3) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ. 4) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում. 5) Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը. 6) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց. 7) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել. 8) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ: 8. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով` 1) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի նիստերին եւ Հանձնաժողովի կազմակերպված խորհրդարանական լսումներին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին. 2) կատարել Հանձնաժողովի որոշումները եւ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ 9. Ազգային ժողով շրջանաության մեջ դրված օրենսդրական ակտի նախագիծ 10 Հանձնաժողովի ներկայացուցիչը` 1) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հարցի վերաբերյալ իր կարծիքը եւ Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իր առաջարկը. 2) Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով դրանց վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը: 11. Ազգային ժողովի կամ Հանձնաժողովի նիստից Հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության դեպքում նրա լիազորությունները իրականացնում է Հանձնաժողովի նախագահն կամ նրա նշանակած` Հանձնաժողովի այլ անդամը: ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ 12. Կանոնակարգի 23-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր` սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրելով դրանց ղեկավարներին: 13. Ենթահանձնաժղով ստեղծելու եւ /կամ/ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշմամն նախագծում սահմանվում են ենթահանձնաժողովի եւ /կամ/ աշխատանքային խմբի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը: 14. Ենթահանձնաժողով ստեղծելու եւ /կամ/ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկելիս` 1) եթե ենթահանձնաժողով ստեղծելու եւ /կամ/ աշխատանքային խումբ ձեւավորելու նախաձեռնության հեղինակը Հանձնաժողովի նախագահն է, ապա հարակից զեկուցում չի լինում. 2) եթե ենթահանձնաժողով ստեղծելու եւ /կամ/ աշխատանքային խումբ ձեւավորելու նախաձեռնության հեղինակը Հանձնաժողովի նախագահը չէ, ապա նա հանդես է գալիս հարակից զեկուցմամբ: 15. Ենթահանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն Հանձնաժողովի անդամները` Հանձնաժողովի նախագահին ներկայացրած իրենց դիմումի համաձայն: 16. Ենթահանձնաժողովի ղեկավարն ընտրվում է Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ: 17. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել Ազգային ժողովի պատգամավորն, ինչպես նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ /մասնագետը/, պատգամավորի օգնականը, այլ մասնագետ, գիտնական կամ հասարակական գործիչ: 18. Աշխատանքային խմբի կազմում Ազգային ժողովի պատգամավոր չհամարվող այլ անձանց ընդգրկելու մասին առաջարկություն կարող է Հանձնաժողովի նախագահին ներկայացնել միայն Հանձնաժողովի անդամը: 19. Աշխատանքային խմբի ղեկավարին Հանձնաժողոի անդամների կազմից նշանակում է Հանձնաժողովի նախագահը` հաշվի առնելով Հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկությունները: 20. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է դրա աշխատանքը: 21. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում: 22. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ 23. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի չորսօրյա նիստերի նախորդող չորեքշաբթի օրերը՝ ժամը 11-ին: 24. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած ժամկետում: Արտահերթ նիստը կարող է գումարվել առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն երեք ժամ առաջ: 25. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ: 26. Ազգային ժողովի նիստի ընթացքում Հանձնաժողովի նիստեր չեն գումարվում: 27. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են եւ հրապարակային, բացառությամբ Կանոնակարգի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի։ 28. Հանձնաժողովի դռմփակ նիստում, բացի պատգամավորներից կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազոր ներկայացուցիչը, Վարչապետը, նրա լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռմփակ նիստում Ազգային ժողովին եզրակացություն կամ առաջարկություն ներկայացնելու հարցով քվեարկությունը արգելվում է: 29. Հանձնաժողովի դռմբաց նիստում, բացի սույն կանոնակարգի 28-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հանձնաժողովի փորձագետները /մասնագետները/ եւ գործավարը /օգնականը/, ինչպես նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական փորձագետ /մասնագետ/, Հանձնաժողովի անդամների մեկական օգնական, Հանձնաժողովի նախագահի հրավիրած կամ օրենքով նախատեսված այլ անձինք: 30. Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթեր: Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային հեռախոսների օգտագործումը: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԱՆՑՎԵԼԸ 31. Հանձնաժողովի նսիտ իրավազոր է, եթե նիստին ներկա է /գրանցվել է/ Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, եւ այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն կարոնակարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում` նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը: 32. Հանձնաժողովի նիստում նրա անդամները գրանցվում են ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելով: Գրանցման ձեւաթղթում նաեւ նշվում են նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը, ինչպես նաեւ նիստը վարողի անումը, ազգանունը: Գրանցման ձեւաթուղթը Հանձնաժողովի արձանագրության բաղկացուցիչ մասն է: 33. Եթե պատգամավորը մի քանի մշտական Հանձնաժողովի անդամ է, ապա Հանձնաժողովի նիստերում գրանցման կամ քվեարկության ժամանակ նա Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մջ հաշվարկվում է միայն համապատասխանաբար գրանցմանը եւ քվեարկությանը մասնակցելու դեպքերում: 34. Եթե Հանձնաժողովի նիստը իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն` Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի` 1) ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին. 2) չապահովման դեպքում նիստը համարվում է չկայացած: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ՎՐԵԼԸ 35. Հանձնաժողովի նիստը վարողը՝ 1) բացում, ընդհատում եւ փակում է նիստը. 2) ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը. 3) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը. 4) զգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ. 5) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով. 6) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սույն կանոնակարգով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ. 7) իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ: 36. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը: Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ 37. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակրգով սահմանված կարով Ազգային ժողովի նախագահի կողմից Հանձնաժողով ուղարկված օրենսդրական ակտերի, նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու մասին, ինչպես նաեւ օրենքով եւ սույն Կանոնակարգով նախատեսված այլ հարցեր: 38. Հանձաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է համակարգչային ավտոմատացված ծրագրով: Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում նշվում են նաեւ այդ նիստի անցկացման վայրը եւ ժամը: 39. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը` այդ նիստից առնվազն 3 օր առաջ, իսկ արտահեր նիստի օրակարգի նախագիծը` այդ նիստից առնվազմ 1 ժամ առաջ տեղադրվում են Ազգային ժողովի պաշտանական ինտերնետային կայքում` Հանձնաժողովի էջում: 40. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ արտահերթ նիստին` այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ 41. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Հանձնաժողովի նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում են, ինչպես նաեւ Հանձնաժողովի նիստում արտահերթ քննարկվում են այն հարցերը, որոնք նախատեսված են Կանոնակարգով եւ /կամ/ սույն Կանոնակարգով: 42. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են հետեւյալ կարգով. ա) հիմնական զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե). բ) հարցեր հիմնական զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե). գ) հարակից զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե). դ) հարցեր հարակից զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե). ե) մտքերի փոխանակություն (մինչեւ 5-ական րոպե). է) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե). ը) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե). թ) քվեարկություն: 43. Որպես հիմնական զեկուցող՝ ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը։ 44. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով: 45. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր: 46. Պատգամավորներից բացի հարցեր տալու իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, նրա լիազոր ներկայացուցիչը, Վարչապետը, նրա լիազոր ներկայացուցիչը: Հարցեր տալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հանձնաժողովի նիստը վարողին: Հարցերը տրվում են ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը: 47. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամները դիմում են Հանձնաժողովի նիստը վարողին։ 48. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Կանոնակարգի 58-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված անձինք։ 49. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման: 50. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: 51. Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առաջարկել՝ 1) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն. 2) օրենքի նախագիծը այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ. 3) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում. 4) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ. 5) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված. 6) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները. 7) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ։ 8) հարցը Ազգային ժողովում քննրկելու համար հատուկ ընթացակարգ սահմանել: 52. Եթե սույն Կանոնակարգի 51-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Հանձնաժողովի ներկայացուցչի արած առաջարկությունները քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ առաջարկը չի արել, ապա համարվում է, որ Հանձնաժողովը հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել: 53. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։ Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը վարողը։ Քվեարկության պահին Հանձնաժողովի նիստը վարողին դիմելն արգելվում է: Քվեարկության անվանական արդյունքներն արձանագրվում են քվեարկության արդյունքների աղյուսակում, որը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է: 54. Հանձնաժողովի որոշումները, առաջարկությունները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը: Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։ 55. Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: 56. Առանձին հարցի քննարկման համար օրենքի եւ /կամ/ Ազգային ժողովի որոշման նախագծի հեղիկնակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է զեկուցման ընթացքում, եւ Հանձնաժողովը այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին, հարց տվողներին եւ ելույթ ունեցողների թիվը: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 57. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է` 1) նիստում անդամների գրանցման ձեւաթուղթը, 2) նիստի օրակարգը, 3) նիստում քվեարկության արդյունքների աղյուսակը. 4) նիստի արձանագրության քաղվածքը: 58. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը կազմվում է համակարգչային ավտոմատացված ծրագրով: Հանձնաժողովի հերթական նիստի արաձանագրությունից քաղվածքը ոչ ուշ, քան ուրբաթ օրվա ժամը 16-ը, իսկ արտահերթ նիստինը` ոչ ուշ, քան չորօրյա նիստերի առաջին նիստից 1 ժամ առաջ ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում` Հանձնաժողովի էջում: 59. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները պահպանվում են Հանձնաժողովի գործավարի /օգնականի/ մոտ եւ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո` 30 օրվա ընթացքում տեղափովում է Ազգային ժողովի արխիվ: 60 Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը: Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳԻԾԸ 61. Կանոնակրգով սահմանված կարգով Հանձնաժողով ուղարկված օրենսդրական ակտերի նախագծերն ունեն անձնագիր, որը ներառում է ` 1) օրենքի նախագիծն կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու ամսին դրա հեղինակի դիմումը, 2) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրան կից ներկայացվող` օրենքի ընդունման հիմնավորումը եւ Կանոնակարգո նախատեսված այլ փաստաթղթերը, 3) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը, 4) պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը, 5) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը, 6) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, 7) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունները, 8) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակի կողմից փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ այդ առաջարկությունների ամփոփաթերթիկը, 9) երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը, 10) երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, 11) երրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրանում կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը, 12) Ազգային ժողովի ընդունած օրենքը, 13) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը, 14) Հանրապետության Նախագահի համար ընդունելի առարկներին համապատասխան կամ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը, 15) Հանրապետության Նախագահի ստորագրած եւ հրապարակած օրենքի պատճենը, 16) օրենքի ռուսերեն թարգմանված տարբերակը /առկայության դեպքում/: 62. Սույն կանոնակարգի 61-րդ կետի` 1) 1-ից 7-րդ, 10-րդ, 12-ից 16-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը պաշտոնապես, իսկ Ազգային ժողովի էլեկտրոնային էջում դրանց տեղադրված չլինելու դեպքում՝ նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովի նախագահին է ուղարկում Աշխատակազմը. 2) 8-րդ, 9-րդ եւ 11-րդ ենթակետում նշված փաստաթղթերը պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը. 63. Օրենսդրական ակտերի նախագծերի անձնագրերը պահպանվում են Հանձնաժողովի փորձագետների /մասնագետների/ մոտ եւ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ 64. Կանոնակարգի 32-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան՝ Կանոնակարգով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին: 65. Հանձնաժողովին լսումներ կազմակերպելու մասին առաջարկություն կարող են ներկայացնել Հանձնաժողովի անդամը: 66. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի նախագահի առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ: 67. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը, զեկուցողների ու հրավիրվածների նախնական ցանկը, ինչպես նաեւ լսոսւմներին այլ անձանց մասնակցության կարգը: 68, Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցելու, ելույթ ունենալու, հարցեր տալու կարգը եւ ժամկետները, որոնք ապահովում են քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացման, հնարավորությունը: 69. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 4 օր առաջ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 70. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ 2004թ. ձետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովը վարչական մարմին չէ եւ քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումներ ու բողոքներ չի քննարկում: 71. Եթե քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից Հանձնաժողով ուղարկված առաջարկությունը վերաբերվում է Հանձնաժողովում քննարկվող կամ քննարկման ենթակա հարցի, ապա այդ առաջարկությունը քննարկվում է եւ դրան պատասխան է տրվում «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ 1999թ. նոյեմբերի 24-ի ՀՕ-24 օրենքով սահմանված կարգով: 72. Եթե առաջարկությունը կամ դրա մի մասը չի վերաբերվում հանձնաժողովում քննարկվող կամ քննարկման ենթակա հարցին, ապա Հանձնաժողովը 3- օրյա ժամկետում` 1) առաջարկությունը կամ դրա մի մասը վերահասցեագրում `է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն /հիմնարկ/` ծանուցելով առաջարկությունը ներկայացնողին, 2) առաջարկությունը եւ դրան կից փաստաթղթերը վերադարձվում են առաջարկությունը ներկայացնողին` նշելով պատճեների մասին, եթեթ առաջարկությունը չի վերաբերվում նաեւ որեւէ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մնարմնին, պետական կամ համայնքային կազմակերպությանը /հիմնարկի/: 73. Քննարկված առաջարկությունները եւ դրանց կից փաստաթղթերը, ինչպես նաեւ վերահասցեագրված կամ հետ վերադարձվաց առաջարկությունների պատճեները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ դրանց կից փաստաթղթերի կամ դրանց մի մասին պատճեները, կամ դրանց ցանկը պահվում են Հանձնաժողովի գործավարի /օգնականի/ մոտ եւ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո` 30-օրվա ընթացքում տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ: 74. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելության նպատակով Հանձնաժողովին հատկացնում է կահավորված սենյակ` ամսեկան 1 օր: Ընդունելությանը կարող են մասնակցել այն անձինք, որոնց առաջարկությունները սահմանված կարգով քննարկվում են կամ քննարկվել են Հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ընդունելությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկը ընդունելության օրվանից առնվազն 3 օր առաջ ուղարկվում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը: Ընդունելությանը Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով մասնակցում են Հանձնաժողովի մեկական անդամ եւ փորձագետ /մասնագետ/: Ընդունելությանը կարող է մասնակցել նաեւ Հանձաժողովի անդամի օգնականը: 75. Պատգամավորների ամենամյա արձակուրդի ընթացքում քաղաքացիների ընդունելություն չի անցկացվում:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 76. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է Հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: 77. Հանձնաժողովի փորձագետները (մասնագետները) պետական ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն կատարում են Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են Հանձնաժողովի անդամների աշխատանքին: ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ 78. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: 79. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ։ |