Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 25-ին Գյումրիում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Արեւելագետ - դիվանագետ: 2002թ.` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2003-2011թթ. «Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005թ., Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009թ., Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011թ., Մեծ Բրիտանիայի Թագավորություն):
2003-2005թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման եւ հանրային կապերի (PR) պատասխանատու: 2010-2012թթ.` ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու (Համաշխարհային բանկ):
2010 թվականից «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է:
2008 թվականից Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է: 2009թ.` կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: