Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 22-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, 1991թ.` նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Լրագրող: Բանասիրական գիտությունների թեկնածու:
1986-1992թթ. դասավանդել է ԵրՊԻ-ի հաշվիչ տեխնիկայի ամբիոնում: 1992-1993թթ. եղել է «Հանրապետական», 1993-1999թթ.` «Իրավունք» թերթերի գլխավոր խմբագիր: 2003-2012թթ.` «Զարուհի» հրատարակչական տուն» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2008-2012թթ`. «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2008-2012թթ.` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ:
1989-1993թթ. եղել է «Սահմանադրական իրավունք» միության նախագահության անդամ, 1993-2006թթ.` «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ: 2006 թվականից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահն է: 1990-1995թթ. եղել է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Անկախության մասին հռչակագրի եւ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովների անդամ: 1999 թվականից «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահն է: 1999 թվականից` ՄԱԿ-ի ազգային փորձագետ: 2011թ. եղել է «Ռուսկի էկրան» ամսագրի փորձագիտական խորհրդի անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2003թ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի կոմիտեի փոխնախագահ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ: ՍԻՄ կուսակցության փոխնախագահ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
2003 թվականից Հասարակության եւ բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2004թ.` Ժողովուրդների հոգեւոր միասնության ակադեմիայի (ՌԴ), 2005թ.` «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի (Ֆրանսիա), 2010թ.` Եվրոպական բնագիտական ակադեմիայի (Գերմանիա) իսկական անդամ: «Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում» (2014թ.) գրքի եւ գիտական բազմաթիվ հրապարակումների հեղինակ է:
Պարգեւատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հուշամեդալով (2003թ.), Եվրոպական բնագիտական ակադեմիայի «Սպիտակ խաչ» (2004թ.) եւ «Պատվո նշան» (2009թ.) շքանշաններով, «Օտտո ֆոն Բիսմարկ» (2011թ.), «Մովսես Խորենացի» (2014թ.), «Շիլլեր» (2014թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո (2014թ.), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե (2014թ.), «Ն.Վ. Գոգոլ» (2015թ., Գրողների միությունների միջազգային ընկերակցություն, Մոսկվա), ԱՊՀ ՄԽՎ «Միջխորհրդարանական կապերի զարգացման համար» (2016թ.), Ղազախստանի անկախության 25-ամյակի (2016թ.) մեդալներով, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շնորհակալագրով (2014թ.), ԱՊՀ ՄԽՎ պատվո նշանով (2015թ.):
Ամուսնացած է, ունի երկու զավակ: