Ծնվել է 1956թ. ապրիլի 14-ին Երեւանում:
1973-1978թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978թթ. Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով` ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ:
1978 թվականից աշխատել է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ, ապա առաջատար ինժեներ, 1988-1995թթ.` ենթաբաժնի պետ եւ առաջատար գիտաշխատող:
1990թ. պաշտպանել է թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ է այդ ոլորտին վերաբերող 10 գյուտերի եւ ավելի քան 30 գիտական աշխատանքների:
1995թ. սկսել է զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով: Այս ոլորտում հեղինակ է չորս մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա», 2006թ., «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում», 2008թ.«Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ», 2008թ., Conflict Resolution in the Framework of International Law: Case of Nagorno Karabakh, 2010թ.), չորս տասնյակից ավելի գիտական եւ երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան եւ օտարերկրյա պարբերականներում եւ ժողովածուներում: 2006թ. պաշտպանել է թեզ եւ ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:
2008թ. ընտրվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր:
2010թ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցույթում հաղթող է ճանաչվել «հասարակական գիտություններ» անվանակարգում:
1996-1998թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998թթ.` Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր:
1999թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձեւավորել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: 1999-2003թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 2001-2003թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:
2003թ. մայիսի 25-ին կրկին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2003թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 2006թ. հունիսի 1-ին` Ազգային ժողովի նախագահ:
2003-2006թթ. եղել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, 2004-2007թթ.` ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007թթ.` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2007թ. հունիսի 7-ից մինչեւ 2008թ. սեպտեմբերի 26-ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ, 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ, 2008 թվականի սեպտեմբերի 16-ից` անկուսակցական:
2006թ. պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Ամուսնացած է, ունի դուստր: