Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:
1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:
Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:
1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:
«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: