Ծնվել է 1961թ. մարտի 20-ին Երեւանում:
1984թ. ավարտել է Մ.Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1986 թվականին վերապատրաստվել է Զապորոժիեի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1991թ.` Միչիգանի համալսարանի էնդովիրաբուժության ամբիոնում, 1993թ.` Իսրայելի Տեխնիոնի ինստիտուտում: Բժիշկ: Ընդհանուր վիրաբույժ: Էնդոսկոպիկ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1987-1990թթ. եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1990-1995թթ.` դոցենտ, 1995 թվականից` պրոֆեսոր, 1990-1992թթ.` «Մալաթիա» բժշկական կլինիկայի վիրաբուժական ծառայության ղեկավար, 1997-1998թթ` Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1998 թվականից` ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1999-2002թթ.` Հայաստանի Օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից` «Հայաստանի էնդոսկոպիկ վիրաբուժություն» հանդեսի գլխավոր խմբագիր:
1992թ. կատարել է Հայաստանում առաջին էնդոսկոպիկ վիրաբուժությունը: Էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր, Հայկական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ: Հայկական էնդոսկոպիկ առաջին միջազգային կոնֆերանսի նախագահ: Եվրոպական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի վարչության անդամ:
2005թ. «Կոչում» ազգային մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել է «Բուժման նոր մեթոդ ներդնելու համար» անվանակարգում:
Հեղինակ է 4 մենագրությունների, 4 մեթոդական ձեռնարկների, 122 գիտական աշխատությունների:
2007թ. նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: