ՕՐԵՆՔԸ
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
- Գլուխ I Ընդհանուր դրույթներ
- Գլուխ II ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների պայմանները եւ կարգը
- Գլուխ III Աշխատանքային գործունեության բերումով ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունը
- Գլուխ IV ՄԻԱՎ-ով վարակված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքները եւ պարտականությունները
- Գլուխ V Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Մարդու իմունային անբավարարության վիրուս /այսուհետեւ՝ ՄԻԱՎ/ - վիրուս, որը ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանը:
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ /այսուհետե ՝ ՁԻԱՀ/ - հիվանդություն, որը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական համակարգի գործունեության խանգարմանը, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ:
ՄԻԱՎ-ով վարակված անձ- մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը: ՄԻԱՎ-ով վարակված անձը չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, հանդիսանում է վարակի աղբյուր:
Հոդված 2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը
Հայաստանի Հանրապետության բնակչության՝ ՄԻԱՎ -ով վարակի կանխարգելման, հսկման նպատակով ստեղծվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն /այսուհետեւ՝ ՁԻԱՀ ԿՀԿ/: ՁԻԱՀ ԿՀԿ-ի կառավարման եւ ֆինանսավորման կարգը, կառուցվածքն ու լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։
ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման համար մշակվում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց /այսուհետեւ՝ անձինք/, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների / անկախ սեփականության ձեւից/ վրա։
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա/ պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ- ի կանխարգելման միջոցառումների մասին.
բ/ իրականացնում է ՁԻԱՀ- ի համաճարակային հսկողություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.
գ/ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ- ով վարակված անձանց եւ ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման նպատակային ծրագրերը.
դ/ պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական եւ գործնական հետազոտությունների համար.
ե/ իրականացնում է դեռահասների բարոյական եւ սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.
զ/ ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար.
է/ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ- ի եւ ՁԻԱՀ-ի հիվանդության տարածվածության մասին։
Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի ֆինանսավորումը
ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային՝ ելնելով հասարակության, ինչպես նաեւ անձանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժմանն ու սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է ,, Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 6. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության երաշխիքները
Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար , բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 7. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները
Երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր /վիզա/ ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր /սերտիֆիկատ/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հավաստագիր չներկայացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում անցնել ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն:
Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի դրույթները չեն տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների. միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների վրա։
Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ - ի հայտնաբերման հետեւանքները
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատվելուց հետո նրանք ենթակա են վարչական վտարման Հայաստանի Հանրապետությունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 9. Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 10. Լաբորատոր հետազոտությունները
ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում / անկախ սեփականության ձեւից /:
ՄԻԱՎ -ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն։
ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են եւ անանուն, բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի:
Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ եւ հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն ՝ ՄԻԱՎ -ի հայտնաբերման նպատակով։
Հոդված 11. Պարտադիր բժշկական հետազոտությունը
Պարտադիր բժշկական հետազոտության ենթակա են ՝
ա/ արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.
բ/ աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների հետ առնչվող բուժաշխատողները.
գ/ ազատազրկման վայրերում գտնվող անձինք.
դ/ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձինք.
ե/ հղի կանայք.
զ/ ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաները.
է/ թմրամոլները.
ը/ երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողական, գործնական եւ մասնավոր ուղեւորություններից վերադարձող անձինք։
Պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարված անձինք չեն կարող լինել արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորներ:
Բուժհաստատություններում աշխատանքի ընդունվող անձինք նախազգուշացվում են իրենց ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտության ենթարկելու մասին :
Աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների , հյուսվածքների եւ օրգանների հետ առնչվող բուժաշխատողները ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքում փոխադրվում են այլ աշխատանքի կամ ազատվում են աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով :
Պարտադիր բժշկական հետազոտության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազւորված պետական մարմինը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում
Ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների, ՄԻԱՎ - ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումը ապահովող, ինչպես նաեւ այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է՝
ա/ հավելավճար աշխատավարձի նկատմամբ.
բ/ կրճատված աշխատանքային օր.
գ/ լրացուցիչ վարձատրություն.
դ/ լրացուցիչ արձակուրդ:
Վերոհիշյալ արտոնությունների տրման պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահական ձեռնարկությունների տնօրինությունը պարտավոր է ապահովել բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցներ եւ պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով :
Հոդված 13. Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը
Անձինք բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները
ՄԻԱՎ - ով վարակված անձինք իրավունք ունեն՝
ա/ ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
բ/ ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
գ/ պահանջել բժշկական գաղտնիության պահպանում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ/ շարունակել աշխատել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.
ե/ ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի եւ հետազոտությունների օբյեկտ :
Հոդված 15. ՄԻԱՎ-ով վարակված երեխաների եւ նրանց ծնողների /օրինական ներկայացուցիչների / իրավունքները
ՄԻԱՎ-ով վարակված մինչեւ 16 տարեկան երեխաներն օգտվում են մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները /օրինական ներկայացուցիչները / իրավունք ունեն՝
ա/ երեխայի հետ միասին գտնվել հիվանդանոցում՝ այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, եւ ստանալ երեխայի եւ իրենց համար սահմանված նպաստները.
բ/ օգտվել տարեկան արձակուրդից իրենց համար հարմար ժամանակ։
ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում։
Հոդված 16. ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները
ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է պահպանել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները :
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաեւ ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :
Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 փետրվարի 1997 թ.
ՀՕ-103