Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2001-2003 թվականների մասնավորեցման նպատակները

Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) հիմնական նպատակներն են՝

- առեւտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման արդյունքում դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը.

- պետական գույքի մասնավորեցման մեթոդների զարգացումը՝ առաջնություն տալով մասնավորեցման այն ձեւերին, որոնք նպաստում են մասնավորեցվող առեւտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանը եւ սոցիալական երաշխիքների ապահովմանը.

- մասնավորեցման քաղաքականության շարունակականության հետեւողական ապահովումը եւ սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.

- մրցակցության ապահովման միջոցով տնտեսական կայուն աճի նախադրյալների ստեղծումը.

-տնտեսությունում ոչ պետական առեւտրային կազմակերպությունների թվի ավելացումը.

- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտների ավելացումը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

Պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունները, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ոչ պետական եւ պետական մասնակցությամբ ընկերությունները:

Մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Սույն օրենքում օգտագործվում են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական հասկացությունները:

Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝

- գյուղատնտեսությունը սպասարկող եւ հարակից ճյուղերի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների եւ օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող եւ դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցումն ավարտելը.

- «փոքր» օբյեկտների, արտադրական եւ սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- գիտաարտադրական եւ գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը:

Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն՝

- քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ եւ դրոշմակնիքներ պատրաստող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.

- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ճյուղերի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները եւ սառնարանները.

- սանիտարահամաճարակային պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- ստանդարտացման եւ չափագիտության ծառայությունների պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները եւ երկաթուղիները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյունները.

- ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- ուղղիչ աշխատանքային հիմնարկները.

- Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ եւ այլն) եւ ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).

բ) պաշտպանական եւ անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում եւ դրանց կից տարածքներում:

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:

Հոդված 5. Պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, անավարտ շինարարության եւ «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

Սույն ծրագրի մաս է կազմում 2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների N 1 ցանկը, բացառությամբ սույն օրենքի N 2 ցանկում նշված՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող այն ընկերությունների (ձեռնարկությունների) եւ մասնավորեցման օբյեկտների, որոնք հանվում են ծրագրից:

Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս եւ ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեւերով:

Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչելու արդյունքում գնոդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:

Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկերում մասնավորեցման առաջարկվող ձեւերը՝ «ԲԱԲ» կամ «Միջազգային մրցույթ» փոխարինվում են «մասնավորեցում» բառով:

Սույն ծրագրի մաս են համարվում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում ստեղծված ընկերությունները եւ առանձնացված գույքի առանձին տարրերը:

Նախատեսվում է ծրագրի ցանկերում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերություններն առաջարկել մասնավորեցման կամ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարման՝ հետեւյալ համամասնություններով.

2001 թվականին՝ ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ընդհանուր թվի 40 տոկոսը.

2002 թվականին՝ 30 տոկոսը.

2003 թվականին՝ 30 տոկոսը:

Հոդված 6. Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը

Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:

Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է աշխատավորական կոլեկտիվների անդամների կողմից ներկայացրած հայտերով՝ պետական գույքը մասնավորեցնելու, «փոքր» օբյեկտները եւ վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքերում եւ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրանվունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

Աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից ներկայացրած հայտերով պետական գույքը մասնավորեցնելու, «փոքր» օբյեկտները եւ վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը

Գնահատված արժեքը

(դրամով)

Առաջին վճարի չափը

(գնահատված արժեքի նկատմամբ՝

տոկոսով)

Վճարման ժամկետը (տարիներով)
Վճարումների թիվը

(անգամ)

Մինչեւ 500.000
100
-
-
500.001-1.000.000
50
1
2
1.000.001-1.500.000
40
2
3
1.500.001-2.000.000
35
3
4
2.000.001-3.000.000
30
4
5
3.000.001-4.000.000
25
5
6
4.000.001-5.000.000
25
6
7
5.000.001-6.000.000
25
7
8
6.000.001-7.000.000
20
8
9
7.000.001-8.000.000
20
9
10
8.000.001-9.000.000
20
10
11
9.000.001-10.000.000
20
11
12
10.000.001-11.000.000
20
12
13
11.000.001-12.000.000
20
13
14
12.000.001-13.000.000
20
14
15
13.000.001-14.000.000
20
15
16
14.000.001-15.000.000
20
16
17
15.000.001-16.000.000
20
17
18
16.000.001-18.000.000
20
18
19
18.000.001-20.000.000
20
19
20
20.000.001-ից ավելի
20
20
21

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի եւ վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի եւ հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:

Օբյեկտի գնահատված արժեքի հերթական վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ՝ համաձայն հետեւյալ սանդղակի՝
 
Վճարման ենթակա գումարը
Զեղչված գումարը (դրամով)
մինչեւ 1.000.000
Վճարման ենթակա գումարի 10 տոկոսը
1.000.000 –2.000.000 
100.000+1 միլիոնը գերազանցող գումարի 14 տոկոսը
2.000.001 – 4.000.000
240.000+2 միլիոնը գերազանցող գումարի 16 տոկոսը
4.000.001 – 6.000.000
560.000+4 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը
6.000.001 – 8.000.000
960.000+6 միլիոնը գերազանցող գումարի 24 տոկոսը
8.000.001– 10.000.000
1.440.000+8 միլիոնը գերազանցող գումարի 28 տոկոսը
10.000.001 – 12.000.000
2.000.000+10 միլիոնը գերազանցող գումարի 44 տոկոսը
12.000.001 – 14.000.000
2.880.000+12 միլիոնը գերազանցող գումարի 52 տոկոսը
14.000.001 – 16.000.000
3.920.000+14 միլիոնը գերազանցող գումարի 60 տոկոսը
16.000.001 – 18.000.000
5.120.000+16 միլիոնը գերազանցող գումարի 68 տոկոսը
18.000.001 – 20.000.000
6.480.000+18 միլիոնը գերազանցող գումարի 76 տոկոսը
20.000.001-ից ավելի
Վճարման ենթակա գումարի 50 տոկոսը

Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 եւ ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր եւ կատարել հետագա վճարումները՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ տնտեսության ոլորտների եւ առանձին պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների

Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր:

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք, կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում՝

- մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս եւ տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ առաջարկություններ՝ այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.

- կարող են հրավիրվել նաեւ մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների վնասաբերության պատճառները բացահայտելն է.

- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ եւ խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), ինչպես նաեւ պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Հոդված 9. Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները լուծարել կամ վերակազմակերպել (միաձուլել, միավորել, բաժանել, առանձնացնել, վերակազմավորել), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման եւ (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, մասնավորեցում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով:

Հոդված 10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝

- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական եւ գործնական ուսուցում կազմակերպելը.

- մասնավորեցում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնելը.

- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը ֆոնդային բորսաների միջոցով.

- մասնավորեցում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից մասնավորեցման եւ լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ եւ փորձագետներ ներգրավելը:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ գործողության ժամկետը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 օգոստոսի 2001թ.
ՀՕ-201
 




28.12.2001 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
16.04.2002 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.10.2002 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.11.2002 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
26.12.2002 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
03.12.2003 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
25.12.2003 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.04.2010 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.02.2012 «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին