Armenian English      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2004

  • Գլուխ 1.  Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Քաղաքացիական պաշտպանության զորքերի իրավասությունը
  • Գլուխ 3. Քաղաքացիական պաշտպանության զորքերում ծառայություն անցնելը
  • Գլուխ 4. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը
  • Գլուխ 5. .Քաղաքացիական պաշտպանության զորքերի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը

  • Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը եւ կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները:


    ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Քաղաքացիական պաշտպանության զորքերը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերը մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ են` համալրված հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, անհատական պաշտպանության միջոցներով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում կամ այդ գործողությունների հետեւանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու համար:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւի մարտական դրոշ:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի հատուկ տեխնիկան կրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարբերանշաններ:

    Հոդված 2. Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեության իրավական հիմքը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:

    Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

    ախտահանում՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների ոչնչացում կամ հեռացում.

    հատուկ տեխնիկա՝ տրանսպորտային, տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջոցառումներ իրականացնելու համար.

    հատուկ մշակում՝ պաշտպանական, ինժեներատեխնիկական, կազմակերպական միջոցառումներ՝ ուղղված տեխնիկայի, սարքավորումների, շինությունների ապաակտիվացմանը, ապագազացմանը եւ ախտահանմանը.

    սանիտարական մշակում՝ վարակվածության ենթարկված մարդկանց մաշկային ծածկույթների, լորձաթաղաթների մեխանիկական մաքրումը, ինչպես նաեւ աղետի գոտուց դուրս գալու ժամանակ նրանց հագուստի եւ կոշիկների վարակազերծումը:

    Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեության սկզբունքները

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, միանձնյա ղեկավարման, քաղաքացիական պաշտպանության համակարգում ընդգրկված կառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ համագործակցության, մարդասիրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության սկզբունքներով:

    Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության զորքերի խնդիրները

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի խնդիրներն են՝

    1) մարտական գործողությունների ընթացքում կամ դրանց հետեւանքների վերացման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

    2) արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցությունը.

    3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցությունը:

    Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության զորքերի ղեկավարումը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերը գործում են արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կազմում:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի ղեկավարումն իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը, իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը:

    Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության զորքերի կառուցվածքը եւ թվակազմը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի կառուցվածքը եւ թվակազմը լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 8. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ պաշտոնատար անձանց պարտականությունները քաղաքացիական պաշտպանության զորքերին աջակցելու գործում

    Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության զորքերին՝ նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի առջեւ դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը եւ թռիչքն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության զորքերի ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը եւ երթեւեկության անվտանգությունը:

    Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության զորքերի կողմից առաջնահերթ օգտագործմանը:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի՝ իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական սպասարկումն իրականացնում են առողջապահական կազմակերպությունները:


    ԳԼՈՒԽ 2.

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության զորքերի իրավունքները

    Իրենց գործունեության ընթացքում քաղաքացիական պաշտպանության զորքերն իրավունք ունեն՝

    1) փրկարարական եւ այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս անարգել մուտք գործելու կազմակերպությունների տարածքներ, իսկ բացառիկ դեպքերում՝ նաեւ քաղաքացիների բնակարաններ, բացելու փակ դռները, պատուհանները, քանդելու ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետեւանքներ.

    2) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու անձանց եւ տրանսպորտային միջոցների շարժը` մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով.

    3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար առաջնահերթ օգտվելու կապի միջոցներից եւ հաղորդակցության ուղիներից` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

    4) իրենց տրամադրված հողատարածքներում օրենքով սահմանված կարգով կառուցելու շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնելու կապի գծեր, տեղաբաշխելու եւ օգտագործելու տեխնիկա.

    5) սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ նվազեցման աշխատանքներին.

    6) օգտագործելու ցանկացած անհրաժեշտ գույք (անկախ պատկանելությունից) եւ ծառայողական շներ` փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս.

    7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործելու մարտական զենք.

    8) կասեցնելու քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վերացման միջոցառումների իրականացմանը խոչընդոտող անձանց գործունեությունը:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու ժամանակ զենքով, ռազմամթերքով եւ մարտական տեխնիկայով հանդերձավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:

    Հոդված 10. Ֆիզիկական ուժ գործադրելը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները հանցագործությունները կանխելիս, իրենց իրավասությունների սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, եթե այլ կերպ չեն կարող կատարել իրենց պարտականությունները:

    Հոդված 11. Զենք գործադրելը եւ կրելը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու՝

    1) քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների, լիազորված մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին եւ առողջությանը.

    2) իրենց զենքին տիրելու փորձերը կանխելիս.

    3) մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.

    4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.

    5) առանց զգուշացման՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խնդիրներն իրականացնելիս:

    Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի՛ր» արձագանքից եւ օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները զինվորական պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի):

    Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքով եւ հատուկ տեխնիկայով հանդերձավորված քաղաքացիական պաշտպանության զորքերի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քաղաքացիական պաշտպանության զորքերի կողմից զենք կրելը եւ գործադրելը կարգավորվում են միջազգային պայմանագրերով եւ միջպետական համաձայնագրերով:

    Հոդված 12. Քաղաքացիական պաշտպանության զորքերի պարտականությունները

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի պարտականություններն են՝

    1) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելը.

    2) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության տարածքների հետախուզում եւ սահմանազատում իրականացնելը.

    3) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության օջախներում քաղաքացիական պաշտպանության հատուկ մշակման եւ սանիտարական մշակման միջոցառումներ իրականացնելը.

    4) արտակարգ իրավիճակների հետեւանքով եւ մարտական գործողությունների ընթացքում տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովող միջոցառումներ իրականացնելը.

    5) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.

    6) աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին) օժանդակելը.

    7) օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության այլ միջոցառումներ կատարելը:

    Հոդված 13. Քաղաքացիական պաշտպանության զորքերի պատասխանատվությունը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմի անօրինական գործողության հետեւանքով քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքին համապատասխան:

    Հոդված 14. Քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կիրառումը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կանոնագրքերով (կանոնադրություններով) սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի մարտական կանոնագրքերը հաստատվում են օրենքով:
     


    ԳԼՈՒԽ 3.

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

    Հոդված 15. Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից եւ քաղաքացիական անձնակազմից:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ, զինվորական կոչումներ եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի տարբերանշաններ, ինչպես նաեւ միջազգային տարբերանշաններ եւ կրում են մարտական ու ծառայողական զենք:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերում զինվորական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինվորական եւ քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձեւերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

    Հոդված 16. Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրումը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրումը զինծառայողներով եւ զինվորական ծառայության անցումն իրականացվում են «Զինապարտության մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերում զինվորական ծառայությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրման վիճակի եւ որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների` ժամանակին եւ կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է լիազորված մարմնի ղեկավարը:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:

    Հոդված 17. Քաղաքացիական պաշտպանության զորքերի կադրերի պատրաստումը եւ ընտրությունը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի կադրերի պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում եւ ուսումնական այլ հաստատություններում՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերում, ծառայության անցկացման առանձնահատկություններից ելնելով, կադրերի ընտրությանը մասնակցում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունները՝ նպատակ ունենալով համալրելու քաղաքացիական պաշտպանության զորքերն անհրաժեշտ մասնագիտական ուղղվածություն, բարոյահոգեբանական եւ ֆիզիկական հատկանիշներ ունեցող անձնակազմով:

    Հոդված 18. Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների զինվորական ծառայության պարտականությունների կատարումը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով սահմանված կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը ճառագայթաակտիվ, քիմիական եւ կենսաբանական միջոցներով վարակված տարածքներում ու աղետի գոտում համարվում է մարտական ծառայություն:

    ԳԼՈՒԽ 4.

    ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 19. Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանությունը

    Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են եւ գտնվում են պետական պաշտպանության ներքո:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների՝ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

    Հոդված 20. Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար արտոնություններ, երաշխիքներ եւ փոխհատուցումներ սահմանող` Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով: 
     

    ԳԼՈՒԽ 5.

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

    Հոդված 21. Քաղաքացիական պաշտպանության զորքերի ֆինանսական ապահովումը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

    Հոդված 22. Քաղաքացիական պաշտպանության զորքերի նյութատեխնիկական ապահովումը

    Քաղաքացիական պաշտպանության զորքերն անհրաժեշտ ռազմական գույքով եւ հատուկ տեխնիկայով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Քաղաքացիական պաշտպանության զորքերի ռազմական եւ հատուկ տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում եւ մասնագիտացված այլ կազմակերպություններում:  



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    22.04.2004
    ՀՕ-60
    26.05.2005 «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    27.11.2006 «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    07.04.2016 «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին