Օգտվողների սպասարկումը իրականացվում է աբոնեմենտի եւ ընթերցասրահի միջոցով, զգալի տեղ է հատկացվում էլեկտրոնային տեղեկատվությամբ ապահովմանը:
Գրադարանային հավաքածուն ներառում է 9424 միավոր բազմալեզու գրականություն` տեղեկատուներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմական, միջազգային հարբերություններին, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ: Հավաքածուի մաս են կազմում բազմաբնույթ պարբերականները (որոնց ցանկին կարելի է ծանոթանալ մեր տվյալների էլեկտրոնային բանկում), տեղեկատվական զանազան նյութերը (բուկլետներ, վերլուծական ամփոփաթերթեր), էլեկտրոնային նյութերը:
Գրադարանը ստեղծում է հավաքածուի էլեկտրոնային քարտարան, որտեղ ներառվում են հավաքածուի մաս կազմող գրքերը, ամենօրյա թերթերից եւ ամսագրերից վերցված եւ մեր հիմնախնդիրների հետ առնչվող հոդվածների մատենագիտական նկարագրությունները: Բազան շահագործվում է համացանցում:
Իրականացնում է օրենսդրական նյութերի ազգային ավանդապահ գրադարանի գործառույթը:
Գրադարանը օգտվողներին տրամադրում է համացանցային կապ, լազերային տպիչ, պատճենահանող սարք, իրականացնում է խորհրդատվություն` համացանցում նյութերի փնտրման վերաբերյալ, օգնում է ստեղծված տվյալների բանկում փնտրումներ իրականացնելու հարցում: