Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, ինչպես նաեւ սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքների նախագծերի եւ «Պաշտոնական վիճակագրության մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման համար կտրամադրվի մինչեւ երկու ժամ:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին» հարցը հեղինակի համաձայնությամբ կքննարկվի հաջորդ հերթական նիստերի ընթացքում:
Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել նաեւ «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ:
Խորհուրդը որոշել է Ազգային ժողովին առաջարկել փետրվարի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչեւ 20:00-ն, անցկացնել լրացուցիչ մեկ նիստ: