Մարտի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ:
Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորել է խորհրդարանական համագործակցության ձեւաչափում համատեղ նիստերի անցկացումը եւ երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերի քննարկումը: Նա ընդգծել է նման հանդիպումների կարեւորությունը ռազմավարական հարաբերությունների խորացման առումով:
Արմեն Աշոտյանը ներկայացրել է քննարկվող թեմաները եւ համազեկուցողներին, ապա հաջողություն մաղթել նիստի աշխատանքին:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հնարավորություն են տալիս փոխշահավետ եւ արդիական բազմաթիվ հարցեր քննարկել տարբեր ձեւաչափերում ու ստանալ շոշափելի արդյունք: Կոմիտեի նախագահը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա շփումները բարձր մակարդակում, ընդգծել խորհրդարանների նախագահների գործուն մասնակցության եւ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի դերը ռազմավարական հարաբերությունների խորացման գործում: Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ ռուսական կողմը մեծ ակնկալիքներ ունի համատեղ նիստից, քանի որ քննարկվող հարցերն ընդգրկում են հետաքրքրությունների լայն շրջանակ:
«Հայ-ռուսական ռազմավարական երկխոսություն. խորհրդարանական ձեւաչափ» թեմայի շուրջ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Օլեգ Սելեզնյովը:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ խորհրդարանական համագործակցության այս ձեւաչափը հետաքրքիր է նրանով, որ հնարավոր է բարեկամական մթնոլորտում հնչեցնել տարբեր հարցեր, լուծումներ գտնել՝ օգտագործելով երկու հանձնաժողովների մեծ ներուժը: ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է երկրի համար առաջնահերթ հարցերի շուրջ հանրությանն իրազեկելու եւ քաղաքացիական հասարակության հետ աշխատելու խնդիրները: Ըստ համազեկուցողի՝ երկրները պետք է ունենան ռազմավարական զարգացման սեփական ծրագրեր, եւ ոչ թե իրենց հիմնական ներուժը ծախսեն աշխարհում կատարվող իրադարձություններին արձագանքելու վրա: Կարեն Բեքարյանը կարեւորել է նաեւ ճանաչողականության խնդիրը, քանզի միմյանց հետ սերտորեն շփվելը, իրար լավ ճանաչելը թույլ է տալիս ամրապնդել հոգեւոր կապերը:
Օլեգ Սելեզնյովն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը՝ կարեւորելով ռուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությունը Հայաստանում: Նա ընդգծել է բարձր մակարդակում հայ-ռուսական փոխայցերի եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցության կարեւորությունը: Օլեգ Սելեզնյովի խոսքով՝ ակնհայտ է զարգացումը հումանիտար ոլորտում. մշակույթի, գիտության, կրթության բնագավառներում առկա համագործակցությունը հրաշալի արդյունք է տալիս: Ըստ համազեկուցողի՝ ռուսական տարբեր բուհերում տեղեր են հատկացվում հայ ուսանողներին՝ իրենց ուսումը Ռուսաստանում շարունակելու համար:
Զեկույցներից հետո ծավալված մտքերի փոխանակության ընթացքում նիստի մասնակիցներն հարցեր են տվել համազեկուցողներին, քննարկվող թեմայի վերաբերյալ հնչեցրել իրենց տեսակետները:
Այնուհետեւ «Գլոբալ անվտանգությունը եւ տարածաշրջանային մարտահրավերները» թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա անդրադարձել է տեղեկատվական, էներգետիկ, տրանսպորտային անվտանգության հիմնահարցերին, անհրաժեշտ համարել միասնական պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Պատգամավորը կարեւորել է երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերությունը: Տրանսպորտային անվտանգության ապահովման հարցում Շիրակ Թորոսյանն անհրաժեշտ է համարել Լարսի անցակետին այլընտրանք ունենալը: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, կիրառում է ուժ եւ ուժի սպառնալիք, շարունակում է ռազմական հռետորաբանությունը: Բանախոսն այս հարցում կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեական գնահատականը:
Սերգեյ Կիսլյակն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները կայուն են եւ հուսալի: Նա անդրադարձել է անվտանգության ապահովման մարտահրավերներին, ռուս-ամերիկյան հարաբերություններին: Պատգամավորի խոսքով՝ առկա է ներուժ դաշնակից եւ բարեկամ երկրների անվտանգության ապահովման համար:
Օրվա ավարտին քննարկվել է «Եվրասիական ինտեգրում եւ ժողովրդական դիվանագիտություն» թեման, որի շուրջ հայկական կողմից ելույթ է ունեցել Արտաշես Գեղամյանը, ռուսական կողմից՝ Ռաֆայիլ Զինուրովը եւ Օլգա Տիմոֆեեւան:
Արտաշես Գեղամյանն անդրադարձել է մեր երկրի իրականացրած արտաքին քաղաքականությանը, ՀՀ-ՌԴ դաշնակցային ռազմավարական հարաբերություններին, հրապարակային դիվանագիտության իրականացմանը, Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը, խոսել այդ պետության հայատյաց քաղաքականության անթույլատրելիության մասին:
Ռաֆայիլ Զինուրովը, պատմական փաստեր մեջբերելով, ներկայացրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի անցած ուղին ու պատմական տարբեր ժամանակներում իրականացրած քաղաքականությունը:
Օլգա Տիմոֆեեւան ինտեգրման գործընթացների արդյունավետ կազմակերպման հարցում կարեւորել է կրթության, գիտության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը:
Քննարկումների ընթացքում հայ եւ ռուս խորհրդարանականներն անդրադարձել են արդի աշխարհաքաղաքական գործընթացներին, ռուս-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին, միջազգային անվտանգության սպառնալիքներին եւ այլ հարցերի:
Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այս հարցում ունի հավասարակշռված եւ հստակ դիրքորոշում:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստի աշխատանքը կշարունակվի մարտի 14-ին: