National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
16.03.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 9

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացնելով փաթեթը կարեւորել է արյան ծառայության, արյան պաշարների ստեղծման գաղափարը: Գործող օրենքով` Արյան ազգային կենտրոնին տրված իրավասությունների ցանկում է նաեւ արյան պետական պաշարների պահպանումը, որն ունի ռազմավարական նշանակություն: Ըստ փոխնախարարի, դրանց պահպանումը կենտրոնացնել որեւէ մեկ տեղում (կենտրոնում) սխալ է, քանզի աղետների եւ ռազմական իրավիճակների պայմաններում դրանք կարող են ոչնչացվել ամբողջ ծավալով: Այս վտանգից խուսափելու համար արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանումը պետք է իրականացվի ՀՀ տարածքի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայություններում:

Հակոբ Հակոբյանն անդրադարձել է հասարակությանը մտահոգող դոնորական արյունից ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականության հարցին: Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ արյան փոխադրման որակի հետ կապված վերջին 15 տարիների ընթացքում որեւէ ինֆեկցիոն դեպք տեղի չի արձանագրվել: Նա ընդգծել է, որ համակարգը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով` արյան հավաքագրման, պահպանման, սառեցման, անգամ բաղադրամասերի տարանջատման առումով: Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք` հնարավորություն քաղաքացիներին ախտորոշումը ճշտելու նպատակով արյունը եւ դրանց բաղադրամասերը հանրապետությունից արտահանելու համար:

Հանձնաժողովն առաջարկել է փաթեթը երկրորդ ընթերցմամբ, դրական եզրակացությամբ ընդգրկել 2018 թվականի մարտի 20-24-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Սերգեյ Խաչատրյանի` նպատակն է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովելը, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթների հստակեցումը՝ համապատասխանեցնելով ՀՀ Սահամանդրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին:

Հանձնաժողովն առաջարկել է փաթեթը երկրորդ ընթերցմամբ, դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանձնաժողովականների խնդրանքով ներկայացրել է որոշ պարզաբանումներ դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող հարցերին:

Նա նշել է, որ դեղատոմսերի դուրս գրման մշակույթը տարիների ընթացքում հետընթաց է ապրել` ընդգծելով, որ յուրաքանչյուր հիվանդի համար դեղատոմսը երաշխիք է, որ իրեն նշանակված է ճիշտ չափաբաժնով, ճիշտ հաճախականությամբ օգտագործվող դեղ: Ըստ նոր կանոնակարգի` բազմակի օգտագործման դեղատոմսով` հիվանդները կարող են 6 ամսվա ընթացքում ձեռք բերել նշանակված դեղեր:

Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից առանց դեղատոմսի բաց թողնման ենթակա է 1150- ը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ գումարված հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի կարգավորել կոշտ կենցաղային թափոնների տեղափոխման եւ տեղադրման հարցերը: Նախագծով կոշտ կենցաղային են համարվում այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում եւ կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների որակը, ձեւավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը աղբահանության եւ սանիտարական մաքրման համակարգում:

Բացի այդ՝ նախատեսվում է նվազեցնել աղբաթափությունը, բարելավել աղբահանության եւ սանիտարական մաքրման որակը, լուծել բնապահպանական եւ ընդհանուր սանիտարական խնդիրներ՝ մաքուր պահելով շրջակա միջավայրն ու նվազեցնել դրա բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա:

Նախագծով սահմանվում են աղբահանության տարբեր դրույքաչափեր՝ կախված աղբի տեսակից, չափից, ծավալից, զանգվածից, շինության տեսակից եւ այլն: Նախատեսվում է աղբահանության վճարը բնակելի շինություններում գանձել ըստ հաշվառված անձանց քանակի՝ 1 բնակչի հաշվով 50- 400 դրամ, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերերսի՝ 1քմ մակերեսի համար՝ 5-25 դրամ: 50-100 դրամ կկազմի առեւտրային շինությունների աղբի դրույքաչափը 1 քմ-ի համար, հյուրանոցների եւ հյուրանոցային տնտեսությունների համար՝ 20-50 դրամ, արտադրական, արդյունաբերական եւ գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ 5-15 դրամ, կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական եւ նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ 3-15 դրամ:

Պատժամիջոցներ են սահմանվում համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու, առանց համապատասխան թույլտվության 50 տոննա եւ ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի, աղբավայրերի եւ թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպելու եւ շահագործելու, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներում, միջազգային նշանակություն ունեցող համաշխարհային ժառանգության տեղամասում աղբ թափելու համար:

Դավիթ Լոքյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորներին է առաջարկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ առաջարկներ չէին եղել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել է նաեւ օրինագծեր, որոնց վերաբերյալ արված առաջարկները հիմնականում եղել են խմբագրական բնույթի:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա առաջարկով քննարկվել է նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա տեղեկացրել է, որ ընդունվել են ՀՀ ԱԺ պատգամավորների եւ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված մի շարք առաջարկներ:

Քննարկված նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծերում:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը եւ կից օրենքների փաթեթը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ եւ միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաեւ եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրմամբ:

Նախարարը նշել է, որ օրենսդրությամբ հստակեցնելու եւ ամրագրելու անհրաժեշտություն ունեն բուհի առաքելությունից, խնդիրներից եւ գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները, այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին եւ արդյուավետությանը վերաբերող պարտականություններն ու դրանց ֆինանսավորման պայմանները:

Լեւոն Մկրտչյանը նշել է, որ օրենքի նախագծի կարգավորման նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան խթանել նորարարությունը, բուհերի միջեւ մրցակցությունը եւ պատասխանատվությունը, որակի ապահովման գործընթացների անընդհատությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, մատչելի եւ հանրությանը հասանելի հաշվետվողականությունը, հստակ տարանջատել եւ սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության, լիազոր մարմնի եւ բուհերի պարտավորությունները եւ իրավասությունները, այդ թվում՝ բուհերի կառավարման մարմինների գործառույթները:

Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում ամբողջական եւ հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը եւ պայմանները, ինչպես նա այն համահունչ կլինի բարձրագույն կրթության մասին միջազգային օրենսդրությանը եւ կնպաստի բարձրագույն կրթության համակարգի ու հաստատությունների մրցունակությանը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության համակարգը բերվում է նոր տրամաբանության, որակական նոր աստիճանի: Օրենքի նախագծի քննարկումից հետո նախարարն անդրադարձել է ՀՀ Աժ պատգամավորների առաջարկություններին՝ ներկայացնելով դրանք հանձնաժողովի քննարկմանը. առաջարկությունների մի մասն ընդունվել է:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը՝ որպես հարակից զեկուցող, իր տեսակետներն է ներկայացրել քննարկվող փաթեթի շուրջ՝ առաջին հերթին կարեւորելով կրթության որակի եւ մրցունակության ապահովումը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում 42-րդ հոդվածով ամրագրվեց, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

Սահմանադրությամբ փոխվել է նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կարգավիճակը:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նոր կարգավորումների լույսի ներքո էական վերանայման կարիք ունեն նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, ձեւավորման կարգը եւ իրավասությունների շրջանակը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրությամբ ՀՀ Նախագահն այլեւս լիազորություն չի կարող ունենալ Խորհրդի ձեւավորման գործընթացում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել Խորհրդի կարգավիճակի եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող լիովին նոր մոտեցումներ:

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել գործող օրենքում առկա խնդիրների վրա եւ ներկայացրել քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ իր նկատառումները:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն եւ ընդգրկվել ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ամփոփելով նիստի աշխատանքը, նշել է, որ օրեր առաջ հանձնաժողովի անդամները այցելել են Գյումրի՝ տեղում ծանոթանալու Շիրակի պետական համալսարանում ծագած խնդիրներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am