ՀՀ Ազգային ժողովի՝ մարտի 21-ի նիստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվել Հրայր Թովմասյանը:
Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում:
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է:
1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:
1996-1998թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:
1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:
2001 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար:
1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, 2006-2010թթ. դասավանդել է «Գլաձոր» համալսարանում:
2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երեւանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաեւ նույն դպրոցի շրջանավարտ է:
2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:
2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է ՀՀ արդարադատության նախարար:
2013-2015 թթ. եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
2014 թվականի մայիսի 26-ից մինչեւ 2017թ. մայիսի 18-ը եղել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
2017 թվականի մայիսի 20-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2018 թվականի մարտի 2-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2013) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով:
2000 թվականին Երեւանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձեւը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել եւ իրականություն)» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
40-ից ավելի գիտական հոդվածների եւ ձեռնարկների հեղինակ է:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ մեկ տղա: