ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մայիսի մեկին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:
Ժոնաթան Լաքոտը կարեւորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում եւ այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաեւ ցույցի մասնակիցների պահվածքը:
Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի եւ այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում:
Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին: