ՀՀ Ազգային ժողովն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` իրավունքի ուժով մայիսի 8-ին գումարել է հատուկ նիստ` քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ մասով եւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված կարգով` ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետի թեկնածուին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը: «Մեծ ուրախություն է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնել համաժողովրդական, խաղաղ հեղափոխության առաջնորդ եւ ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող թեկնածուին»,- ասել է նա: Անդրադառնալով թեկնածուի անցած ուղուն՝ պատգամավորը նշել է, որ հնարավորություն է տրված դեմ չգնալու Հայաստանի ժողովրդին, Հայաստանի եւ Արցախի պետական շահերին, ազգային անվտանգությանը եւ կոչ է արել օգտվել այդ բացառիկ հնարավորությունից:
Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
Ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները:
Արամ Սարգսյանը, շնորհավորելով Շուշիի ազատագրման, Երկրապահի օրվա կապակցությամբ, ընդգծել է, որ այսօր ընտրում են ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մեկ երրորդի թեկնածուին, այլ կատարում են ՀՀ Սահմանադրության պահանջը, այն է` ժողովրդի կամքը: Նրա խոսքով` ժողովուրդը ցանկանում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պատգամավորը հուսով է, որ այն կառուցողական մոտեցումը, որ այսօր դրսեւորելու է ՀՀԿ-ն, հետայսու էլ կդրսեւորվի` ելնելով պետական ու Հայաստանը վերափոխելու շահերից:
Արարատ Զուրաբյանը համոզված է, որ թե Նիկոլ Փաշինյանը եւ թե այն քաղաքական թիմը, որը պատասխանատվություն է ստանձնելու Հայաստանի Հանրապետության, հասարակության առջեւ, զբաղվելու է այն բոլոր խնդիրներով, որոնք թվարկել է վարչապետի թեկնածուն իր ելույթում: Նա նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ բաց խոսքը Հայաստանում մշտապես կյանքի իրավունք ստանա:
Լենա Նազարյանը, արձանագրելով վերջին պատմական օրերի մեծագույն ձեռքբերումները, որոնք այսուհետ Հայաստանի հաղթանակած քաղաքացու կենսագրության անբաժանելի մասն են, նշել է, որ Հայաստանն աշխարհին ցույց տվեց, որ ի զորու է գործել որպես ինքնիշխան պետություն, միայն ու միայն Հայաստանի ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու պետության ղեկին եւ միակ սուբյեկտը, որին պետության ղեկավարությունը պատասխանատու է, Հայաստանի ժողովուրդն է: Նրա խոսքով` հայերն աշխարհին նվիրեցին մեծ ու կարեւոր փորձառություն:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այսօրվա քվեարկությամբ ոչինչ չի ավարտվելու, այդ պահից սկսված միացվելու է նոր իշխանության վստահության ժամացուցը: Ըստ նրա` փոփոխությունները չպետք է լինեն միայն անձերով եւ խմբավորումներով, ցանկություններով եւ հայտարարություններով, հին կուռքերը` նորերով փոխարինելով, հարկավոր են իրական, շոշափելի, տեսանելի փոփոխություներ: «Այլ ճանապարհ չկա: Պետք է տեղի ունենա արժեքների ու մտածողության հեղափոխություն: Եվ երբեւէ ժողովրդավարությունը չպետք է հակադրվի անվտանգությանը: Իրապես, եկել է փոփոխությունների ժամանակը»,- նշել է պատգամավորը:
Արարատ Միրզոյանը ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, անհատ պատգամավորներին առաջարկել է դուրս չմնալ համազգային զարթոնքից, նոր Հայաստանից, եղբայրության, բարության, հավասարության մթնոլորտից եւ մաս կազմել այդ զարթոնքին` կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյան վարչապետին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ի շարունակություն Լենա Նազարյանի խոսքի, ասել է. «Այո, աշխարհը զարմացավ, զարմացավ Հայաստանի պահվածքով, կեցվածքով, բայց կարծում եմ, որ կարելի էր եւ հատուկ նշել` զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով՝ չմիջամտելով եւ խաղաղ ցույցերը չճնշելով, պահպանելով նրանց տարբեր վտանգներից եւ տարբեր սադրանքներից: Սա նույնպես աշխարհը գնահատեց եւ զարմացավ»:
Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն կառուցելու նորն ու սկզբունքայինը՝ խարսխված կարեւոր արժեհամակարգի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, Հայաստանի Հանրապետության պետական շահերի վրա: Նա գործընկերներին հորդորել է աջակցել այդ հնարավորության իրականացմանը: Էդմոն Մարուքյանը նաեւ տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունն անվերապահորեն աջակցելու է ձեւավորվելիք կառավարության ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունը չի փոխել դիրքորոշումը. այսօր այն ոչ միայն պաշտպանում, այլեւ առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: «Այսօր այս ընտրությունը դարձել է ավելի հասունացած եւ անհրաժեշտ»,-շեշտել է խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով՝ հաղթանակ պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակին հասնելը. սա է այսօրվա խորհուրդը: «Մենք միասին էինք, երբ ազատագրեցինք Շուշին, միասին պետք է մնանք, որ պահպանենք Շուշին: Եվ ոչ միայն Շուշին, այլեւ այսօր արդեն 42.000 քառակուսի կմ դարձած նոր Հայաստանն ու Արցախը: Ոչ ոք չի ների մեզ, եթե սրանից մի բան պակասի»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան« խմբակցության տեսակետը վարչապետի թեկնածության վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Շրջադարձային գնահատելով հայաստանյան վերջին դեպքերը՝ նա ասել է, որ ժողովուրդն զգացել է իր ուժը, փոփոխություններ իրականացնելու եւ որոշումներ կայացնելու հնարավորությունը:
Միքայել Մելքումյանը հավելել է, որ իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ կուսակցությունը ժողովրդի հետ է: Նա անդրադարձել է Հայաստանի տնտեսության վերջին 10 տարիների վիճակագրությանը, կարեւորել այն քայլերի իրականացումը, որոնք ներդրումներ կներգրավվեն եւ կզարգացնեն տնտեսությունը:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ թեկնածուի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումն ու տեսակետները չեն փոխվել, սակայն, ինչպես վաղօրոք նշվել էր, ՀՀԿ-ն որոշում է կայացրել աջակցել պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ կարգավորելու համար երկրում ստեղծված անկայուն իրավիճակը: Նրա խոսքով՝ խմբակցությունն ակնկալում է, որ որպես վարչապետ՝ Նիլոլ Փաշինյանը խորհրդարանին կներկայացնի կառավարության տրամաբանական ծրագիր, որպեսզի Հանրապետական խմբակցությունը կողմնորոշվի՝ արդյոք այն իրատեսական է եւ արժանի ՀՀԿ խմբակցության կողմ ձայներին:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցություններին արտահայտած դիրքորոշումների համար: Նա ընդգծել է, որ ատելության էջը Հայաստանի Հանրապետությունում պիտի փակվի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլորն էլ համոզված են, որ ատելությունը մեր պետությանը, ժողովրդին ոչ մի լավ տեղ չի տանի, իսկ փոխադարձ հարգանքը, հարգանքը խոսքի եւ իրավունքների նկատմամբ պիտի դառնա իրականություն:
59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ:
Շնորհակալություն հայտնելով քվեարկության եւ դիրքորոշման համար` ՀՀ նորընտիր վարչապետը նշել է, որ ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: