Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստից, որը տեղի է ունեցել մայիսի 15-ին Ստամբուլում: Հրավիրված ՍԾՏՀ ԽՎ 12 անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներից մասնակցել են ինը, Հայաստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան ներկայացրել են պատվիրակությունները:
Քննարկված հիմնական փաստաթուղթը վեհաժողովի 25-ամյակին նվիրված հռչակագիրն էր, որում նշված էին կառույցի քառորդդարյա ձեռքբերումներն ու գործունեության առաջիկա ուղղությունները: Գագիկ Մինասյանի խոսքով՝ ծավալուն փաստաթուղթը մշակվել էր Ստամբուլում եւ ուղարկվել պատվիրակություններին: Ի թիվս այլ երկրների՝ առաջարկներ էին ներկայացրել նաեւ հայկական եւ ուկրաինական պատվիրակությունները: Հայկական կողմի առաջարկը եղել է հստակ՝ կառույցը պետք է գործի եւ զարգանա իր էությանը համահունչ. այն պետք է լինի տնտեսական եւ զերծ մնա քաղաքական անհարկի խնդիրներին անդրադառնալուց: Ըստ պատվիրակության ղեկավարի՝ ուկրաինական կողմն իր առաջարկներով փորձել է քաղաքականացնել կառույցի գործունեությունը: Քննարկման արդյունքում ընդունվել է Վրաստանի առաջարկը, որում ամրագրված մոտեցումներն ընդհանուր առմամբ ընդունելի են եղել հայկական պատվիրակության համար:
Գագիկ Մինասյանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 19-ին Տիրանայում տեղի է ունենալու ՍԾՏՀ ԽՎ գագաթաժողովը, որտեղ քննարկվելու են կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման տեղի եւ ժամկետի հետ կապված հարցեր: Այն կարող է տեղի ունենալ Երեւանում, Բաքվում կամ Սոֆիայում: Ըստ բանախոսի՝ Հայաստանի պատվիրակությունն անընդունելի է համարում գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը Բաքվում. դա նշանակում է սահմանափակել կառույցի անդամ երկրի մասնակցությունն այդ գործընթացին՝ նկատի ունենալով անվտանգության երաշխիքների բացակայությունը: «Նախընտրելի է, որ քննարկումն անցկացվի Սոֆիայում»,-նշել են պատվիրակության անդամները:
Գագիկ Մինասյանը նաեւ կարեւորել է այն հանգամանքը, որ կառույցի ապագա ղեկավարը չլինի հակամարտության կողմ հանդիսացող որեւէ երկրի ներկայացուցիչ: Նա տեղեկացրել է, որ պատվիրակությունն այս առնչությամբ աշխատանքներ է տանում, որպեսզի ներկայացվի ընդունելի թեկնածու:
Պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանն ընդգծել է, որ թուրքական կողմը կառույցի 25-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկման ժամանակ աշխատել է դրանում ամրագրել մի լրացում, որը ոչ միայն չի առնչվել քննարկվող հարցին եւ տարածաշրջանին, այլեւ շատ խիստ եւ միակողմանի գնահատականներ էր տալիս իսրայելապաղեստինյան հակամարտությանը: Գեւորգ Գորգիսյանն ասել է, որ հաջողվել է կանխել այդ լրացման ամրագրումը նաեւ հայկական կողմի, մասնավորապես Գագիկ Մինասյանի ջանքերով: «Սա տնտեսական կառույցը քաղաքականացնելու փորձերից մեկն է»,-հավելել է պատգամավորը:
Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է վեհաժողովի առանձնահատկություններին, ներկայացրել առաջիկա ընտրությունների հետ կապված իր մոտեցումները:
Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը՝ նա շեշտել է, որ հայկական պատվիրակությանը բազմիցս հաջողվել է կանխել Հայաստանի համար անցանկալի հայտարարությունների, բանաձեւերի ընդունումը: