Մեծարգո պարոն Բաբլոյան,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեր գործընկերներին մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Մեկ դար առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը հերոսաբար տեր կանգնեց իր ապագային, որն ազդարարվեց մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ: Վերածնված պետականություն, որ մարմնավորել է հազարամյա ազգի իղձերն ու նպատակները` ազգային միասնությամբ վերադարձնելու սեփական անկախ հայրենիքում ապրելու եւ զարգանալու դարերով կորսված իրավունքը:
Մայիսյան հերոսամարտերում թրծված հայ ոգին ազատության ճանապարհից չշեղվելու իր վճռականությունը վերահաստատեց նույն դարավերջին հայկական երկու հանրապետությունների հռչակմամբ, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակով եւ հայոց հաղթանակած բանակի կազմավորմամբ:
Փառապանծ այս տոներին վերստին շնորհավորելով հայոց պետականության վերածննդի առթիվ՝ մաղթում եմ տոկուն կամք ու արդյունավետ ջանքեր` հանուն մայր հայրենիքի եւ Արցախի զորացման ու համայն հայության բարօրության: