Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն Ազգային ժողովում հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը:
Բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանը բարձր է գնահատել հայ-լեհական բազմադարյա բարեկամական հարաբերությունները՝ անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի ձեւավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներին: Նա երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սեյմի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վահան Հարությունյանը կարեւորել է այս հարցում Լեհաստանի հավասարակշիռ մոտեցումը եւ հավելել, որ հայկական կողմը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական իրադրությանը, իրականացվող բարեփոխումներին՝ այս համատեքստում լեհական հաջողված փորձի փոխանցման ու արդյունավետ կիրառման հարցում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով: Խոսվել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մասին. հայկական կողմն ընդգծել է, որ այս գործընթացի առաջմղման հարցում ակնկալում է Լեհաստանի աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության աշխուժացման ու խորացման անհրաժեշտությանը, կրթական փոխանակման ծրագրերի իրականացմանը: Ընդգծվել է Լեհաստանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի եւ հատկապես լեհահայերի նկատմամբ:
Թադեուժ Վոժնիակը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նա նշել է. «Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները պետք է դաս լինեն նաեւ մեզ՝ քաղաքական գործիչներիս համար, որ կարողանանք աշխատել ու կանխարգելել նման ոճրագործությունները»:
Անդրադառնալով Լեհաստանում հայկական համայնքի գործունեությանը՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայերն օրինակելի քաղաքացիներ են եւ իրենց ավանդն ունեն երկրի զարգացման հարցում, ինչի շնորհիվ արժանացել են հատուկ արտոնությունների: