Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը: Դատական ակտի՝ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա ձեւակերպումներին:
Հարակից զեկուցող հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ նախագծով քաղաքացիների համար հավասար հնարավորություն է ստեղծվում արդարադատության իրականացման հարցում:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: