ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկում:
Ներկա էին ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության եւ ՀԳՀՄ ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել վերաիմաստավորելու համայնքների խոշորացումը, մատնանշելու խնդիրներն ու ուղիներ փնտրելու դրանց օրենսդրական ճանապարհով լուծումներ տալու համար: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է տեղական ինքնակառավարման համակարգի օրենսդրության ախտորոշումն ու ըստ այդմ՝ տարածքային համաչափ զարգացման իրականացումը:
«Պետք է դեմքով շրջվենք դեպի համայնք»,- ասել է Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է գյուղում այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բնակչությունը քաղաքից գնա գյուղ:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ համայնքը գրավիչ դարձնելու առաջին նախապայմանը բոլոր ենթակառուցվածքների անխափան գործունեության ապահովումն է:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է ներհամայնքային խնդիրներին, ներկայացրել մի շարք առաջարկություններ եւ կարեւորել օրենքների նախագծերի մշակման փուլում ՀԿ-ների փորձագետների մասնակցությունը:
Գագիկ Մակարյանը համայնքներում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար ընդգծել է տեղական ռեսուրսների նպատակային օգտագործումը, հարկային արտոնությունների սահմանումը: Նա կարեւորել է նաեւ մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կխթանի համայնքների զարգացումը: Բանախոսը նշել է, որ անհրաժեշտ աշխատանքներ պետք է կատարվեն պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ժամանակն է համայնքային խնդիրները լուծել ոչ ստանդարտ եղանակներով: Նա առաջարկել է հազարից քիչ բնակիչ ունեցող համայնքներին տալ մի շարք անրտոնություններ, այդ թվում՝ հարկային:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ համայնքների զարգացման հիմքում պետք է դրվեն գիտական հիմնավորումներ: Պատգամավորն առաջարկել է մշակել համայնքներում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն անդրադարձել է ներհամայնքային մի շարք խնդիրների՝ նշելով, որ ավագանու ինստիտուտը մինչեւ օրս չի կայացել: Նա կարեւորել է դրանց համակարգային, ամբողջական լուծումներ տալը:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է գյուղական բնակչության լիիրավ մասնակցությունը համայնքի կառավարման գործում:
Մի շարք նախարարությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ նույնպես տեսակետներ են ներկայացրել խնդրո առարկայի շուրջ՝ կարեւորելով համակարգի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները, բարձրացված խնդիրներին օրենսդրական ճանապարհով լուծումներ տալը:
Միքայել Մելքումյանը նշել է, որ ԱԺ-կառավարություն-հասարակական կազմակերպություն ձեւաչափով քննարկումները կլինեն շարունակական:
Հաջորդ քննարկման թեման արդյունաբերության ոլորտն է լինելու: