ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի եւ Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան դիվանագիտական քարտուղար Էյրիկ Լիբերգ Բերգենի հետ:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Կողմերն անդրադարձել են վերջին ամիսներին Հայաստանի ներքին ու արտաքին, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական օրակարգի խնդիրներին ու առաջիկա հնարավոր զարգացումներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նաիրա Զոհրաբյանը, արժեւորելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, անչափ կարեւոր է համարել համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները, քանի որ փաստաթղթում կան դրույթներ, որոնց կիրարկումը պահանջում է համաձայնագրի ամբողջական եւ վերջնական վավերացում:
Կողմերը կարեւորել են ՀՀ եվրոպական օրակարգը՝ նշելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ անդամ երկրները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն այդ օրակարգը համատեղ իրականացնելու համար: