«ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետների խումբը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
Հյուրերը Հայաստանում ուսումնասիրում են հանրային ֆինանսների կառավարումը եւ արտաքին աուդիտի իրականացումը:
Ծրագրի ավագ խորհրդատու Ալիստեր Սվարբրիքի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունների ավարտից հետո խորհրդարանին է ներկայացվելու հաշվետվություն Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման համակարգի` Եվրոպական միության սկզբունքներին համապատասխանելիության վերաբերյալ:
Հյուրերը հետաքրքրվել են, թե ինչպիսի մեխանիզմներով է խորհրդարանն օգտագործում Հաշվեքննիչ պալատի գործիքները բյուջետային գործընթացում:
Խոսելով Հայասատանում ծրագրային բյուջետավորման համակարգին անցնելու մասին` Գագիկ Մինասյանը նշել է, որ այն միտված է ապահովելու հանրային ֆինանասների արդյունավետ եւ նպատակային կառավարում:
Հանդիպմանը ներկա էին նաեւ հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրական փորձաքննության բաժնի պետ Գոհար Մելոյանը:
Նույն օրը «ՍԻԳՄԱ» ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետների հետ:
Գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է կառույցի գործունեության իրավական շրջանակը, գործառույթները, կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ներգրավվածությությունը ծրագրային բյուջետավորման ներդրման եւ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման բարեփոխումների իրականացման գործընթացում: