Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն:
Սեպտեմբերի 29-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:
Հանդիպումն այնուհետեւ շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների եւ ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարն ԱԺ անունից վերստին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Աշոտ Ղուլյանը կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը թե՛ մշտական հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրական աշխատանքների ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւս կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ առկա կապերի զարգացումը եւ խորհրդարանի դերի բարձրացումը՝ երկրի բնականոն եւ անցնցում կենսագործունեության առումով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական ներկա իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին, երկու երկրների առողջապահական ոլորտներին, միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացման վերաբերյալ:
Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին:
Երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահները նախօրեին այցելել են նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ եւ ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին: