ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին: Կենտրոնը կառուցվել է բարերարների աջակցությամբ:
Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երեւանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան գործընկերների հետ անվճար իրականացնում են բժշկական ծառայություններ: Խորհրդարանի ղեկավարին եւ արտասահմանցի հյուրերին ուռուցքաբանական կենտրոնի ղեկավարը մանրամասն ներկայացրել է կենտրոնի բժշկական սարքավորումների համալրվածությունը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին:
Այցելության ավարտին Արա Բաբլոյանը առողջապահության նախարարի, ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավարի եւ բժշկական անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի խնդիրները, մատնանշվել ոլորտի զարգացման հեռանկարներն ու միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները: