ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին հրավիրած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած երեք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է սահմանել, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն աշխատողից պետք է խախտման մասին գրավոր բացատրություն պահանջի: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով, ինչպես նշել է համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը, առաջարկվում է անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն տալ: Անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենա որեւէ գործատուից եւ կֆինանասավորվի բացառապես աշխատողների անդամավճարներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն վերաբերում է ընտրովի պաշտոններ զբաղեցող կամ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությանը: Առաջարկվում է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը չփոխարինել ժամկետային աշխատանքային պայմանագրով, ինչն այսօր արվում է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նախագծին սակայն կարծում է, որ այն պետք է լրամշակել եւ խնդրին տալ համապարփակ լուծում: Ըստ նրա, նախագիծն այս տեսքով հատվածական լուծումներ է առաջարկում:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նույն օրը գումարած արտահերթ նիստում քննարկել եւ հաստատել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի կանոնակարգը:
Կոմիտեն ստեղծվել է 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի հիման վրա, որին Եվրոպական խորհրդարանն իր համաձայնությունը տվել է 2018 թվականի հուլիսի 4-ին:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ կոմիտեի նպատակն է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր ուղղությունները, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը: Ըստ նրա՝ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին: