National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 9

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ գալիք տարվա եվրոպական ինտեգրման ոլորտին ուղղված որոշ ծրագրեր իրականացնելու համար նախատեսվում է ԵՄ-ից ստանալ 16 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության դրամաշնորհ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մանրամասնել է ընթացիկ տարվա անցած ամիսներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Կարեւորելով ապրիլին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումն Ազգային ժողովի կողմից՝ փոխնախարարը նշել է, որ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ: Այն ամբողջությամբ կիրարկելու համար հարկ է, որ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից փաստաթղթի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտին հասցվեն: ՀՀ վարչապետի որոշմամբ վերստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը փորձում է ամփոփել համաձայնագրից բխող ճանապարհային քարտեզը եւ փոխանցել ԵՄ կողմին՝ այն համատեղ քննարկելու ու հաստատելու ակնկալիքով: Փաստաթղթի կիրարկման գործընթացում Կառավարությունը կարեւոր տեղ է հատկացնում հայաստանյան քաղհասարակության ակտիվ մասնակցությանը:

Կարեն Նազարյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա մայիսին՝ Բրյուսելում անցկացվելու է Արեւելյան գործընկերության ձեւավորման 10 ամյակը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նույն օրը տեղի ունեցած համատեղ նիստում քննարկվել են գալիք տարվա բյուջեի նախագծով համակարգին հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունները նույնպես ներառված են 2019 թվականի ՀՀ բյուջեի նախագծում: Առաջարկվող նախագծում մոտավորապես 30 տոկոսի է հասցված խրախուսման, պարգեւատրումների ֆոնդը:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 10,017.5 մլն դրամ: Միջոցները հիմնականում ուղղվելու են «Հիդրոօդերեւութաբանության ծառայություններ», «Սեյսմիկ պաշտպանության», «Փրկարար ծառայություններ» ծրագրերի իրականացմանը:  «Պետական ռեզերվների գործակալության համակարգի հիմնարկների պահպանում» եւ «Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձեւավորում եւ պահպանում» միջոցառումների գծով՝ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 309.2 մլն դրամ, որը 2018 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 51.5 մլն դրամի չափով:

Արա Նազարյանն անդրադարձել է նաեւ անտառային հրդեհների մոնիտորինգի եւ կանխատեսման կարողությունների զարգացմանը, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի գործարկմանը, սահմանամերձ մարզերի համայնքներում ճգնաժամային կառավարման համակարգի ներդրմանը, աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացմանը, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանն ուղղված բյուջեով նախատեսվող հատկացումներին:

Ըստ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ ոստիկանության  հատկացումների հանրագումարը կազմում է 61.9 մլրդ դրամ: Նա նշել է, որ նախատեսվում են օրենսդրական եւ վարչարարական նոր փոփոխություններ, համակարգային բարեփոխումներ: Վալերի Օսիպյանն ասել է, որ ՀՀ ոստիկանությունում արդեն սկիզբ է դրվել կազմակերպաիրավական եւ կառուցվածքային օպտիմալացման գործընթաց, որի նպատակը ստորաբաժանումների եւ կառուցվածքի արդիականացումն է, դրանց համապատասխանեցումը մարտահրավերներին, ինչպես նաեւ գործունեության արդյունավետության բարձրացումը, աշխատանքի ծանրաբեռնվածության համաչափ բաշխվածության ապահովումը:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի ներկայացմամբ՝ ծառայությանը կհատկացվի 22, 272.9 մլն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ աճել է 2,207.5 մլն դրամով՝ պայմանավորված 30% պարգեւատրման ֆոնդի նախատեսմամբ:

Պաշտպանության նախարարությանն ու պետական ռեզերվներին նախատեսված բյուջետային քննարկումները տեղի են ունեցել դռնփակ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am