Ապրիլի 6-ին Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի աշխատակիցների հանդիպմանը քննարկվեց հանրապետությունում առողջության առաջնային պահպանման նոր մոդելը, որը ներկայացրեց ծրագրի ղեկավար Տատյանա Մակարովան:Բանախոսը տեղեկացրեց, որ ԱԱՊ նոր մոդելը ներդրվել է Երեւանի թիվ 17 ու Էրեբունի բժշկական կենտրոնի պոլիկլինիկաներում, Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայում, Լոռու մարզի Դսեղի, Թումանյանի եւ Վահագնիի առողջության կենտրոններում: Ներկայացվեցին մոդելի բովանդակությունը, կատարված աշխատանքների շրջանակները, դրանց իրականացման մեխանիզմներն ու ներդրման ընթացքում կուտակված փորձը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, կարեւորելով կատարված աշխատանքը, նպատակահարմար համարեց, որ ԱԱՊ բժշկիընտրության, բուժսպասարկման որակի բարելավման եւ մոդելում ներառված մյուս մեխանիզմները մշակելիս նախապես հարցը քննարկվի հանձնաժողովի հետ, քանի որ օրենսդրի կարծիքի եւիրական փաստերի հաշվառմամբ ստեղծվածմոդելը ավելի նպատակային կարող է լինել: Պարոն Մխեյանի գնահատմամբ` տեսական, ծրագրային հիմնավորումները պետք է բխեն իրական փաստերից: Հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանի կարծիքով`կուտակված փորձը պետք է ի մի բերել խնդրին օրենսդրական լուծում տալու համար, քանզի աշխատանքի արդյունավետությունն ու շարունակականությունը պայմանավորված է իրավական փաստաթղթով:
Պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա քննարկումներով ավելի գործնական մոտեցում ցուցաբերելով եւ օրենսդրական լուծումներով ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը իրականություն դարձնել ամբողջ հանրապետությունում: