Փետրվարի 4-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի` Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Ֆելիքս Հեթի եւ Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների աշխատակիցների հետ:
Լիլիթ Մակունցը կարեւորել է հիմնադրամի՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործունեությունը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ներկայացված ուժերի համամասնությանը՝ նշելով, որ արդեն ձեւավորվել են մշտական հանձնաժողովները, առաջիկայում գործադիրը խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը եւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցը:
Լիլիթ Մակունցը խոսել է Ազգային ժողովում իր գլխավորած խմբակցության առաջիկա անելիքներից ու ծրագրերից, կարեւորել խորհրդարանի հաշվետվողականության եւ վերահսկողական գործիքների ամբողջական կիրառումը:
Խմբակցության ղեկավարը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են օրենսդրական նախաձեռնություններին, տնտեսական բարեփոխումներին, ընդդիմության հետ կառուցողական համագործակցությանը, հասարակության ակնկալիքներին:
Բանախոսը նշել է, որ խմբակցությունը զբաղված է օրենսդրական նախաձեռնությունների առաջնահերթությունները սահմանելով, մասնավորապես նախատեսվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ հարկային օրենսգրքում:
Անդրադարձ է կատարվել խմբակցության եւ հիմնադրամի հետագա համագործակցությանն առնչվող հարցերի: