Փետրվարի 5-ին Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Տարոն Սիմոնյանը եւ Նորա Առուստամյանը մանրամասներ են հայտնել հունվարի 28-29-ը Բրյուսելում /Բելգիայի Թագավորություն/ տեղի ունեցած «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի եւ Էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների աշխատանքներից:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ հայ խորհրդարանականներն աշխատել են վերոնշյալ հանձնաժողովներում, որոնցից մեկում հայկական պատվիրակությունն ունի 1 համանախագահի եւ երկու համանախագահների տեղակալների պաշտոններ:
Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովում առանցքային է եղել կրթության ոլորտը. քննարկվել է ինովացիոն կրթությանը, ԵՄ գոտում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կրթական բարեփոխումներին վերաբերող զեկույց:
Քաղաքական հանձնաժողովում քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների բարձրացմանն ու հաշվետվողականությանը, տնտեսական հանձնաժողովում՝ ԵՄ գոտում եւ Արեւելյան գործընկերության երկրներում թվայնացման քաղաքականության միջոցով տնտեսական աճի բարձրացմանը, էներգետիկ հանձնաժողովում՝ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ պատվիրակությունն իր առջեւ խնդիր է դրել կառույցում լինել չափազանց կառուցողական, այն նախահարձակ է լինելու ծրագրային դրույթների եւ բանավեճերի շրջանակում:
Բազմաթիվ խնդիրներ «Եվրանեսթի» գործընկերների հետ քննարկվել են նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներում: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում իրականացվող հայատյաց, այլատյաց քաղաքականությանն ու քարոզչությանը, որի կապակցությամբ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս խնդրին եւս անդրադարձ է լինելու ծրագրային եւ կառուցողական դաշտում:
Հանձնաժողովների աշխատանքներին եւ հետագա անելիքներին անդրադարձել են նաեւ պատվիրակության մյուս անդամները:
Արման Եղոյանը դրական եւ կառուցողական է գնահատել կառույցի աշխատանքը՝ նշելով, որ ապակայունացնելու որեւէ փորձ չի եղել:
Տարոն Սիմոնյանը կարեւորել է կառույցում հայկական պատվիրակության աշխատանքը՝ եվրաինտեգրման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:
Նորա Առուստամյանը կարեւորել է չճանաչված պետություններում բնակչության՝ կրթական բարեփոխումներից օգտվելու իրավունքի իրացումը:
Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր կառույցում հայատյացության խնդրի բարձրացմանը, Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այդ կապակցությամբ հարց է բարձրացվել, թե ինչպես է ադրբեջանցի պատվիրակը պատկերացնում ժողովրդին խաղաղության նախապատրաստելը, եթե հայատյացություն է քարոզվում Ադրբեջանում: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ սա մտահոգիչ է ոչ միայն մեզ համար: Ըստ նրա՝ «Եվրանեսթը» միջազգային հարթակ է, որտեղ պետք է կարեւորագույն հարցեր բարձրացվեն:
Մխիթար Հայրապետյանը նաեւ տեղեկացրել է, որ կրթական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների ընթացքում զեկուցողն անդրադարձել է Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ հորդորելով Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ ուսումնասիրել դրա գործունեությունը: Զեկուցողը «Թումոն» համարել է մի արժեք, որն արդեն չի սահմանափակվում միայն Հայաստանով: Նշվել է, որ նման կենտրոններ են բացվում արդեն այլ երկրներում:
Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների վերաբերմունքը չափազանց դրական է եղել թե նոր Հայաստանի, թե պատվիրակության նկատմամբ: Ըստ նրա՝ հիմնականում հղում է կատարվել թավշյա հեղափոխությանն ու աննախադեպ բացառիկ թափանցիկ, ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Մխիթար Հայրապետյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային հարթակներում չափազանց բարձր է: