ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Նիդերլանդներում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին: Դեսպանը հավաստիացրել է, որ գործընթացն ընթանում է ըստ իրենց` միջպետական համաձայնագրերի վավերացման համար սահմանված ներպետական ընթացակարգերի եւ այս առումով որեւէ դանդաղում չկա:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ համաձայնագրի կիրարկումն իր ամբողջ թափով կսկսվի ճանապարհային քարտեզի վերջնական համաձայնեցումից հետո:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացին, ինչի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում:
Կողմերն անդրադարձել են նաեւ Նիդերլանդներում հայ համայնքի կարեւոր դերակատարությանը, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին: