Փետրվարի 22-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տեսակետներ հնչեցրել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ:
Պիտեր Անդրեաս Բոխմանը շնորհավորել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությանն (ALDE) անդամակցելու առիթով: Նրա դիտարկմամբ՝ այն հնարավորություն կընձեռի կուսակցությանը հզորացնելու սեփական ներուժը թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական դաշտում:
Երկկողմ համագործակցության շրջանակում կողմերը կարեւորել են երիտասարդների՝ քաղաքացիական կրթության խթանմանն ուղղված քայլերը: Այս տեսանկյունից Պիտեր Անդրեաս Բոխմանը Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի անունից պատրաստակամություն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցին աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հաստատելով արդեն իսկ նախանշված ճանապարհային քարտեզը: Կողմերը քննարկել են նաեւ համատեղ ջանքերով կրթական փոխանակման ծրագրերի իրականացման անհրաժեշտության հարցը, որը նպատակաուղղված կլինի խորհրդարանական աշխատանքը որակապես նոր հարթության վրա դնելուն:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ կողմերը շեշտադրել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ համագործակցության մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը, որը հիմք կծառայի համազգային օրակարգի ձեւավորման համար: