Եվրոպական միության «Էրազմուս պլյուս» ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացներին» եւ «Կամավորական աշխատանքի ճանաչման կարեւորությունը» դասընթացների մասնակիցները մարտի 4-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանն ու Սարգիս Ալեքսանյանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Երիտասարդները հետաքրքրվել են մեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից, ընտրական գործընթացներին նրանց մասնակցությունից: Հարցեր են հնչել կամավորական աշխատանքի կարեւորության, կրթական, տնտեսական եւ տարբեր ոլորտների խնդիրների վերաբերյալ:
Աննա Կոստանյանը կարեւորել է երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին:
Սարգիս Ալեքսանյանը նշել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում:
«Երիտասարդական ակումբների դաշնություն»հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը արժեւորել է ընտրական գործընթացին երիտասարդների մասնակցությունը՝ նշելով, որ մեր երկրի երիտասարդության կեսից ավելին է մասնակցում ընտրություններին, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն շուրջ 20-30 տոկոս է:
Հյուրերն այցելել են խորհրդարանի թանգարան, եղել ԱԺ նիստերի դահլիճում: