ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 11-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Մանե Թանդիլյանը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ուղղությունները, աշխատակարգը:
Երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ՌԴ դեսպանը գնահատել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակը:
Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում Մանե Թանդիլյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը: Հանձնաժողովի նախագահը դեսպանին նաեւ իր մտահոգությունն է հայտնել որոշ ռուս պատգամավորների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների տնտեսական, քաղաքական վիճակին վերաբերող հարցեր:
Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի մասին՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը: Ներկայացնելով հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները՝ նա առանձնակի ընդգծել է օրենսդիր մարմինների միջեւ փոխշահավետ համագործակցությունը ոլորտային հարցերի շուրջ:
Հանձնաժողովի նախագահը դեսպանի մասնակցությունն ու աջակցությունն է ակնկալել երկու խորհրդարանների հարաբերությունների առավել խորացման հարցում:
Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող միջոցառումներն ու կարեւորել դրանցում Ազգային ժողովի մասնակցությունը: