National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.03.2019
«ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում քաղաքականության կայուն առաջընթացին, ժողովրդավարական եւ համակարգային բարեփոխումներին». Ալեն Սիմոնյան
1 / 3

Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Ալեն Սիմոնյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրեւ մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ: Նա կարեւորել է Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը վերածվել է միջազգային անվտանգությունում ներդրում ունեցող երկրի:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Հայաստանը մտադիր է այսուհետ եւս զարգացնել ՆԱՏՕ-ի հետ իր  համագործակակցությունը՝ հատուկ ուշադրություն  դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը,  ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է խորհրդարանական համագործակցության ձեւաչափը եւ նշել, որ 2002 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ դառնալուց ի վեր ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ձգտել է ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանում ձեւավորվել է նոր պատվիրակություն, որը ակտիվ մասնակցություն կունենա վեհաժողովի նստաշրջաններին, Ռոուզ-Ռոթ սեմինարներին եւ վերապատրաստման ծրագրերին:

«ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում քաղաքականության  կայուն առաջընթացին, ժողովրդավարական եւ համակարգային բարեփոխումներին»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ սահմանադրական փոփոխություններից հետո մեծացել է խորհրդարանի վերահսկողական դերը ինչպես Կառավարության գործունեության, այնպես էլ զինված ուժերի նկատմամբ, որի ապացույցը օրեր անց ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում  ՀՀ ԱԺ-ում տեղի ունենալիք աշխատաժողովն է:

Ջեյմս Ապատուրայը նշել է, որ Հայաստանում քաղաքական միջավայրի փոփոխությունից հետո իր առաջին այցն է: Նա նշել է, որ ներկա խորհրդարանն ունի ժողովրդի վստահությունը՝ պայքարելու կառուպցիայի դեմ եւ նպաստելու խաղաղությանն ու անվտանգությանը: «Ուրախ ենք, որ չնայած կարեւոր փոփոխություններին, Հայաստանը վճռական է շարունակելու միջազգային հարաբերություններում, ինչպես նաեւ խաղաղության եւ անվտանգության հարցերում իր ընտրած  ուղեգիծը»,- ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նա նշել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հաջող համագործակցությունը շարունակվելու է: Ջեյմս Ապատուրայը կարեւորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Զինված ուժերի մասնակցությունը:

ԱԺ փոխնախագահն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ վերահաստատել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման հայկական կողմի դիրքորոշումը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է Արցախի ժողովրդի անվտանգության եւ կարգավիճակի հաստատման կարեւորագույն սկզբունքները: Այս համատեքստում Ջեյմս Ապատուրայը նշել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ խնդրի կարգավորման հարցում, սակայն հակամարտության լուծումը կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի համար:

Կողմերը խոսել են նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների, ՆԱՏՕ-ի կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am