ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպված «Ծրագրային բյուջետավորումը եւ դրա ներդրումը ՀՀ-ում» եւ «ՀՀ բյուջետային գործընթաց» թեմաներով սեմինարին:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշել է, որ ԱԺ բյուջետային գրասենյակի գործունեությունը միտված է խորհրդարանի վերահսկողական գործառույթներին օժանդակելուն: Մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Բյուջետային գրասենյակն անկախ կառույց է եւ վստահելի գործընկեր:
ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը նշել է, որ մեր երկրում ծրագրային բյուջետավորման ներդրման առաջին փուլն սկսվել է դեռեւս 2003-ին եւ ամբողջական ներդրման համար անհրաժեշտ է 10-15 տարի: Ըստ բանախոսի՝ ներդրման արդյունավետությունն ավելանում է, երբ առկա են ռազմավարական պլանավորման, ներքին աուդիտի, անկախ արտաքին վերահսկողության համակարգեր:
«Ծրագրային բյուջետավորման հիմնական նպատակը հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումն է»,- նշել է Գագիկ Բարսեղյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է պատասխանատու լինի տվյալ բնագավառում իրականացվող ծրագրի համար:
Մասնակիցների բազմաբնույթ հարցերն առնչվել են ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրմանը, դրա կարեւորությանը, ռազմավարական պլանավորմանը, անկախ արտաքին վերահսկողության իրականացմանը: