ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 12-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի, Գերմանական վերահսկողական խորհրդի անդամ Ռայնոլդ Ռոբենի, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ հարավկովկասյան երկրների իրավասու տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելիքս Հեթի հետ:
Անդրանիկ Քոչարյանը ողջունել է հյուրերի այցը խորհրդարան եւ կարեւորել ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում մարտի 13-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունենալիք քննարկումները, որոնք առնչվում են պաշտպանության համակարգում խորհրդարանական վերահսկողության խնդիրներին:
Նա հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններն ու նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրողությունները՝ ընդգծելով, որ դրանք իրական հնարավորություն են՝ զարգացնելու պառլամենտարիզմը: Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանական կառավարման փորձ ունեցող եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի աջակցությունը, ինչը դրական կարող է լինել օրենսդրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին:
Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնք հիմնականում առնչվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, պաշտպանության ոլորտում բարեվարքության ներդրմանը եւ տեղում խորհրդարանական վերահսկողության իրականացման մեխանիզմներին, օրենսդրական փոփոխություններին:
Դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը տեղեկացրել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի կողմից Հայաստանին, մասնավորապես հանձնաժողովին խորհրդատվության մատուցումը, որը սկիզբ է առել 2017 թվականին:
Ռայնհոլդ Ռոբենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել Բունդեսթագում որպես Զինված ուժերի հանձնակատար աշխատելու իր փորձն ու կառույցի դրական ազդեցությունը զինծառայողների կյանքում:
Զրուցակիցները կարեւորել են հետագա համագործակցությունն ու փորձի փոխանակումը, քննարկել աշխատանքային որոշ հարցեր: Գործակցության շրջանակում առանձնակի տեղ է հատկացվել հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբին:
Գերմանացի հյուրն անդրադարձել է Թավշյա հեղափոխությանը եւ նշել, որ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ են հետեւել մեր երկրում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխություններին եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա հույս է հայտնել, որ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի հետագա զարգացման գործում: