National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.03.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը Բեռլինի խորհրդարանում
1 / 3

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում.

«Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման եւ Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար:

Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը եւ Ձեր սիրելի  քաղաքը միմյանցից բաժանող բեռլինյան պատը: 1989 թվականի նոյեմբերի 9-ին Արեւելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերի 3-ին եւ նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ: Աշխարհն ուրախ է կրկին միասնական եւ դինամիկ Գերմանիա տեսնելու:

«Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված եւ նշված են նրա խոսքերը. «Այն ճնշումը, որ ես 1987 թվականին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց երկու տարի անց»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության, հանգեցրին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով:

Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը եւ զարգացնենք դրա արդյունավետությունը: Այս առումով կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը:

Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

Մենք բարձր ենք գնահատում նաեւ Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում:

Մեր երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են:

Հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները:

Հուսով եմ, որ Բեռլինը եւ մեր 2800-ամյա մայրաքաղաք Երեւանը կկարողանան համատեղ համագործակցության ծրագրեր մշակել՝ միմյանցից սովորելու եւ փորձի փոխանակման համար: Երեւանի նորընտիր իշխանությունների համար, վստահաբար, օգտակար կլինի Բեռլինի փորձը քաղաքային կառավարման եւ քաղաքային տնտեսության կայուն զարգացման համատեքստում:

Մեծարգո տիկին Շմիդ, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բարդ եւ պատասխանատու գործունեության ընթացքում` ի բարօրություն Բեռլինի քաղաքացիների»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am