Ապրիլի 27-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է 13 առաջարկներ, որոնցից տասը ընդունվել են: Օրինագծի նպատակն է ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածուի փաստաթղթերի ամբողջական համալրումը` որպես ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգության մաս, պետական մատենագիտական հաշվառման իրականացումը եւ միասնական տեղեկատվական տարածքի ձեւավորումը, բոլոր տեսակի փաստաթղթերի մասին հանրային տեղեկացվածության ապահովումը: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց ներկայացված օրենքի նախագիծը առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ներկայացրեց «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրինագծերը: Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին, որ տեսչական գործառույթների իրականացման հետ կապված հակասություններ կարող են ծագել մարզերի կրթության վարչությունների եւ ստեղծվող տեսչությունների միջեւ: Նախարարը հավաստիացրեց, որ մարզպետարանների կրթության համապատասխան կառույցները ստուգումներ եւ ուսումնասիրություններ չեն իրականացնում, տարբեր են կրթության պետական տեսչությունների եւ մարզային կրթության կառույցների գործառույթները:
Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մարզային տեսչությունների ստեղծումը նույնպես անարդյունավետ համարեց` կարեւորելով սակայն կենտրոնացված տեսչական ծառայության ստեղծումը եւմարզերի կրթության վարչություններում մեկ-երկու տեսուչների գործունեությունը: Տիկին Հակոբյանի գնահատմամբ` քանի որ տեսչության ստեղծումը պետք է դպրոցներին աջակցելու եւ կրթության որակը բարձրացնելու նպատակ ունենա, օրինագծում դրանք պետք է ելակետային լինեն. պետք է որոշակիացնել տեսչական գործառույթները եւ դրանք նպատակաուղղել կրթության որակի բարձրացմանը:
Հանձնաժողովը քննարկեց եւ առաջիկա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկելու համար երաշխավորեց նաեւ «Նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը :