ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքին:
Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ներկաները բարձրաձայնել են ուսումնական հաստատություն տանող ճանապարհի ու բակի բարեկարգման հարցը: Պատգամավորը խոստացել է լինել հետեւողական եւ աջակցել քոլեջի բակի բարեկարգման խնդրի լուծմանը: Ուսանողները հետաքրքրվել են նաեւ հեռակա ուսուցման, թափառող կենդանիների համար կացարան կառուցելու, Գյումրիում մաքսատուն գործարկելու խնդիրներով:
Սարիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է քննարկել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով փորձ է արվում կարգավորել թափառող կենդանիների պաշտպանության հարցերը:
«Բաց դասի» մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում: