ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության օրենսդրական շրջանակի վերլուծության աշխատանքային խումբը ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ ապրիլի 26-ին հրավիրած քննարկմանն անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերի:
ՀՀ ԱԺ պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Մերի Գալստյանն անհրաժեշտ է համարել ոլորտի խնդիրների վերհանումը, ճանապարհային քարտեզի կազմումն ու դրանով առաջնորդվելը:
«Բնագավառն օրենսդրական կարգավորումների կարիք ունի»,-նշել է աշխատանքային խմբի ղեկավարը:
ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման նախապատմությունը, կարեւորել դրա կիրարկումը, ինչի արդյունքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում առաջացել են նոր խնդիրներ, այդ պատճառով գործադիրն առաջիկայում կներկայացնի օրենքում փոփոխություններ ու լրացումներ, որոնք կդրվեն հանրային քննարկման:
Բանախոսները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են շրջակա միջավայրի պահպանման գործում տվյալ համայնքի բնակչության իրազեկմանն ու խնդիրների լուծմանը նրանց մասնակցությանը:
Աշխատանքային խմբի հաջորդ քննարկմանը կմասնակցեն նաեւ առողջապահության բնագավառի մասնագետներ: