«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 30-ին խորհրդարան այցելած Երեւանի «Իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջ» կրթահամալիրի ուսանողների, դասախոսների եւ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավորը խոսել է խորհրդարանի կառուցվածքի, գործունեության, օրենսդրական գործընթացների մասին: Նա պատասխանել է կրթության ոլորտին, երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի:
Կառնուտի դպրոցի ներկայացուցիչները կարեւորել են մարզերի հետ մայրաքաղաքի կապերի ամրապնդումն ու փոխգործակցությունը եւ այդ նպատակով առաջարկել են ստեղծել երիտասարդների համագործակցության համայնքային կենտրոններ:
Ներկաները հետաքրքրվել են առաջիկայում իրականացվելիք կրթական ծրագրերով, իսկ Կառնուտի դպրոցի ուսուցիչներն արծարծել են միջհամայնքային անվճար տրանսպորտ ունենալու հարցը:
Արուսյակ Ջուլհակյանը խոստացել է հետեւողական լինել եւ օգնել գտնելու լուծումներ:
Շիրակի մարզի աշակերտները պատգամավորին հրավիրել են իրենց դպրոց` տեղում ծանոթանալու խնդիրներին:
Հյուրերը նաեւ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել ԱԺ թանգարան: