ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը քննարկվել է Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ առաջարկվում է կատարել տեխնիկական բնույթի փոփոխություն, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում ընթացող աշխատանքներով:
Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենսդրական նախաձեռնությամբ կատարվում են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Նախագծի ընդունմամբ կսահմանվի, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննողը եւ /կամ/ պատասխանատվություն սաhմանողը՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:
Հանձնաժողովի անդամներն առաջարկել են նմանօրինակ փոփոխությունները վերհանել եւ մեկ օրենսդրական կարգավորմամբ լուծել:
Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն հունիսի 7-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: