ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին տեղի է ունեցել ՌԴ պետական, հասարակական գործիչ, գրող, իրավագետ, քանդակագործ Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, հայագետներ, գիտնականներ, լրագրողներ:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել հեղինակի կատարած աշխատանքն ու ժողովածուի պատմագիտական ուրույն արժեքը: Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի մեծ բարեկամին:
Հայ հասարակական, քաղաքական գործիչ, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպության համանախագահ Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ աշխատությունը հրատարակվել է Ուֆայում: Ազգությամբ բաշկիր Ռաֆայիլ Զինուրովը վերլուծել է հայկական պատմագրության միջազգային ասպեկտները, թուրքական եւ ադրբեջանական «վայ» պատմագիրների ուսումնասիրությունները: Բանախոսի դիտարկմամբ՝ քաղաքական ժամանակավոր հայտարարություններին, կարգախոսներին հեղինակը հակադրվել է մնայուն, խորքային ուսումնասիրություններով, որոնց հիման վրա է կառուցվում նաեւ հայ-ռուսական խորհրդարանական միջպետական, միջմշակութային համագործակցությունը:
Զինուրովի աշխատանքների վերաբերյալ գնահատանքի խոսք են ասել ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Հովհաննիսյանը: Նրանք արժեւորել են օտարազգի պատմաբանի ուրույն վերլուծությունը, որով պատասխան է տրվում հրապարակում առկա հակահայագիտական աշխատանքներին:
Ռաֆայիլ Զինուրովի խոսքով՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը մեծագույն տեղ եւ դեր ունի: Հայի պատմությունն ու ճակատագիրն են նրան ուղղորդել անդրադառնալու հայոց պատմությանը: Նրան հիացնում է հայի անկոտրում ոգին: Հեղինակն իր մտքում արդեն իսկ ուրվագծում է հերթական գործը, որը նվիրվելու է Հայաստանի առաջին հանրապետության պատմականությանը: Նա խորհրդարանին է ընծայել իր քանդակներից Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կիսանդրին: