ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Սատորովին:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, սակայն պետք է ջանքեր գործադրել չօգտագործված ներուժի ամբողջական իրացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել օրենսդիր մարմինների համագործակցությանն ու միջխորհրդարանական երկխոսության խորացմանը. այս համատեքստում կարեւոր նշանակություն է տրվել պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը, փոխայցերի ակտիվացմանը:
Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցում համատեղ ջանքերն ու փոխաջակցությունը:
Հյուրը հետաքրքրվել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության տեսլականով եւ ձեռքբերումներով, ինչի առնչությամբ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը մանրամասներ է ներկայացրել:
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Զրուցակիցները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Կողմերն անդրադարձել են նաեւ կրթության, գիտության, մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների, անվտանգության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի կարեւորությունը: