Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է առողջապահության եւ սոցիալական ոլորտներում նախատեսված ծրագրերի իրականացմանն ու դրանց ֆինանսավորմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է ֆինանսական հատկացումներին, իսկ ոլորտների պատասխանատուներն առավելապես խոսել են ոլորտային ծրագրերից, դրանց արդյունավետության ավելացմանն ուղղված միջոցառումներից, որոշ դեպքերում անհրաժեշտ համարել օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի, ինչպես նաեւ ոլորտի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 83,3 մլրդ դրամ, որը շուրջ 3,3 մլրդ դրամով պակաս է եղել 2017 թվականի հատկացումներից: Ծրագրերի կատարողականը կազմել է 95,6 տոկոս: Նախարարը նշել է, որ ոլորտի ֆինանսական հատկացումները սուղ են, ինչը որոշակիորեն դժվարացնում է բժշկական ծառայությունների մատուցումը: Այս համատեքստում նա տարօրինակ է գնահատել ֆինանսական հատկացումների նվազեցումը հաշվետու տարում, ինչը, ըստ նրա, հարիր չէ սոցիալական ուղղություն որդեգրած երկրին:
Նախարարի կեսկատակ դիտարկմամբ՝ հատկացումների շրջանակում ոլորտը կատարյալին մոտ աշխատել է, սակայն, որպեսզի կատարյալ ծառայություններ մատուցվեն՝ անհրաժեշտ է շուրջ 400 մլրդ դրամ: Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ մոտ 30 տոկոսով ավելացել են քաղաքացիների ընդունելությունները, պակասել՝ դիմումներն ու բողոքները, ինչը խոսում է ոլորտի առողջացման մասին:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել բարեփոխումների իրականացմանը: Նախարարը հայտնել է, որ քննարկման փուլում են ապահովագրական համակարգի ներդրման, մարզերը մասնագետ-բժիշկներով համալրելու, ոլորտի այլ խնդիրները կարգավորելուն միտված հարցերը: Ըստ նախարարի, եթե ոլորտում ապահովագրական համակարգ ներդրվի, ապա դրանում կընդգրկվի շուրջ 1,9 մլն մարդ:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են քաղաքացիների խնդիրներին, արձանագրված թերություններին, բարձրաձայնել որոշ արատավոր երեւույթներ, ինչպիսին է, օրինակ, հիվանդներից ապօրինի կատարվող գանձումները:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է հիվանդանոցներին ֆինանսական հատկացումներով, անդրադարձել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից գերակատարված աշխատանքներին եւ նկատել, որ դրանց արդյունքում կենտրոնին չի վճարվել 146 մլն դրամ, թեեւ կառույցը կատարել է իր հարկային եւ այլ պարտավորությունները:
Նախարարը պարզաբանել է, որ խնդիրը բացառապես պայմանավորված է նվազ ֆինանսավորմամբ, իսկ վերոնշյալ կենտրոնը միակը չէ: Ըստ նախարարի, տարեկան շուրջ մեկ մլրդ դրամի բուժօգնության գերակատարում է իրականացվում, որը մնում է չվճարված: Նա հայտնել է, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին այս տարի հավելյալ հատկացվելու է 100 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ոլորտային հատկացումները: Դրանք հաշվետու տարում կազմել են 416 մլրդ դրամ: Փոխնախարարը պարզաբանել է, որ նշված գումարի 4,1 մլրդ դրամը հատկացվել է նախարարության պահպանման ծախսերին, իսկ 347 մլրդ դրամը՝ գերատեսչության կողմից իրականացված ծրագրերին: Կատարողականը պակաս է եղել 100 տոկոսից. որոշ ծրագրեր ամբողջությամբ չեն կատարվել:
Ամենամեծ ծրագրի՝ կենսաթոշակների վճարմանը հատկացվել է ավելի քան 218 մլրդ դրամ. նշվել է, որ հաշվետու տարում կենսաթոշակառուների թիվը 3000-ով ավելացել է:
Ընտանեկան նպաստների վճարման համար հատկացվել է 34,6 մլրդ դրամ, սպայական անձնակազմի կենսաթոշակների վճարմանը՝ 26 մլրդ, 300 մլն դրամ. այստեղ եւս շահառուների աճ է գրանցվել:13 մլրդ դրամ նախատեսվել է հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստներին եւ այլն:
Պատգամավորները բարձրաձայնել են քաղաքացիներին մտահոգող հարցերը, անդրադարձել օրենսդրական լուծում պահանջող խնդիրներին, հետաքրքրվել զբաղվածության բնագավառում իրականացված աշխատանքներով:
Փոխնախարարը հայտնել է, որ հենց զբաղվածության վերաբերյալ ծրագիրն է, որ կատարվել է մասնակիորեն՝ 10 տոկոսով, ինչը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով: Ի պատասխան հարցերի՝ նշվել է, որ այսօր գործազրկությունը մեր երկրում կազմում է 20 տոկոս, կամ գործազուրկ է 201 հազար քաղաքացի: Նրանց մի մասը կամ չունի որակավորում, կամ այն բավական ցածր է, ինչը խոչընդոտում է աշխատանք գտնելուն:
Պատգամավորներն արծարծել են նաեւ կենսաթոշակառուների ցուցակների մաքրման հարցը, որի կապակցությամբ փոխնախարարը պարզաբանել է, որ այն շարունակական գործընթաց է, սակայն դժվար է գտնել մի կառուցակարգ, որն ամբողջությամբ կբացառի չարաշահումները:
Օրենսդիրներն անհրաժեշտ են համարել կարգավորել հաշմանդամության կարգի սահմանման հետ կապված հարցերը՝ անհրաժեշտ համարելով մարդկային գործոնի առկայության բացառումն այդ համակարգում:
Ամփոփելով ոլորտային քննարկումները՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դրական է գնահատել 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը: Նրա դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կատարողականի մի մասի պատասխանատուն է այս Կառավարությունը, քանի որ 2017 թվականին է հաստատվել պետական բյուջեն: Հանձնաժողովի նախագահն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հաշվետու նախարարությունների աշխատանքը, սակայն նշել, որ ծրագրային բյուջետավորման տեսանկյունից կատարողականը լիարժեք չէր: Նա հույս է հայտնել, որ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականն ավելի գնահատելի կլինի բյուջետային ծրագրավորման եւ կատարման տեսանկյունից: