«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի18-ին խորհրդարան էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան:
Նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորն ուսանողներին ներկայացրել է Ազգային Ժողովի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության կարգին:
Տարոն Սիմոնյանը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերի, որոնք մասնավորապես վերաբերել են իրավագիտությանը, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:
Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի եւ Գյումրիում գործող «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչները:
Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով մանրամասնել է պատգամավորի գործունեությունն ու անդրադարձել խորհրդարանի հիմնական գործառույթներին:
Երիտասարդները հետաքրքրվել են կրթության ոլորտին առնչվող սպասվելիք ծրագրերից: Նրանք տեղեկացրել են, որ իրենց նախաձեռնությամբ վերջերս իրականացվել են Գյումրու «Հաղթանակ» այգու մաքրման ու ձեւավորման աշխատանքները:
Հյուրերը նաեւ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը:
Հանդիպումներն ավարտվել են ավանդական լուսանկարով: