ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հունիսի 24-28-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած վեհաժողովի ամառային նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Հուլիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին:
Տաթեւիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն արդեն ներկայացված են ԵԽԽՎ քաղաքական խմբերում: Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը ներկայացված են՝ ԵԺԿ, Սոս Ավետիսյանը՝ Սոցիալիստների, դեմոկրատների եւ կանաչների, իսկ Հովհաննես Իգիթյանը՝ Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք քաղաքական խմբերում:
Սոս Ավետիսյանի խոսքով՝ տարբեր քաղաքական խմբերում ներկայացված լինելը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ՀՀ վարած քաղաքականության լոբբինգը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել մի շարք բանաձեւերի նախագծերի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն այսուհետ հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի հստակ պատասխան է տրվելու:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Նրա խոսքով՝ 1960թ. ստորագրված ՅՈւՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի համաձայն, որը վավերացրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, պետության չճանաչված լինելը պատճառ չէ, որ ոտնահարվեն այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքները: ԵԽ-ում նախատեսվում է ձեւավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այդ հարցերով՝ ի պաշտպանություն նաեւ Արցախի Հանրապետության ուսանողների:
Հովհաննես Իգիթյանը նշել է, որ անդրադարձել են Սիրիայի քաղաքական իրավիճակին, փախստականներին վերաբերող հարցերին, հայ համայնքի խնդիրներին:
Պատվիրակության անդամները ներկայացրել են նաեւ մանրամասներ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցի քննարկումից: